News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ ժողովրդական արտիստ, մարտի 22-ին մահացած Կարեն Ջանիբեկյանը վերջին անգամ բեմ բարձրացել է մեկ տարի առաջ՝ «Վանա կատու» մասնավոր ներկայացմանը: Այս մասին NEWS.am-ին ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը:

Նա պատմեց, որ երկար ժամանակ Կարեն Ջանիբեկյանը Մայր թատրոնում չէր խաղում, պատճառը հիվանդությունն էր:

«Արդեն մեկ տարի առողջական խնդիրներ ուներ, բայց լավատեսորեն էր մոտենում հիվանդությանը: Հաճախ էր թատրոն գալիս, զրուցում էինք երկար: Շատ ինքնատիպ, շատ ինքնատեսակ անձնավորություն էր Ջանիբեկյանը»,- ասաց Ստեփան Դավթյանը:

Հիշեցնենք, որ դերասանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 24-ին, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ մարտի 25-ին: Դերասանին վերջին հրաժեշտ կտան հարազատ թատրոնում:

Նշենք, որ Կարեն Ջանիբեկյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արեւ», «Արեւիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն»,«Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երեւան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» եւ այլ ֆիլմերում։

1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։

Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.՝ ժողովրդական արտիստի կոչմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ