News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետական այցով Չինաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ (ֆոտոռեպորտաժ):

Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի եւ Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաեւ երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ կրթության եւ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ` զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջեւ Հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիր, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջեւ հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջեւ հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիր, «ՀՀ կառավարության` ի դեմս Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, եւ Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի, որպես վարկատու, միջեւ մաքսային զննման տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման ծրագիր՝ կառավարության արտոնյալ պայմաններով» վարկային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջեւ ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Մինչ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան հյուրընկալվել է ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում՝ շուրջ 290 տարվա պատմություն ունեցող Պեկինի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Այն կազմավորվել է 1724 թվականին Ցին կայսրության օրոք կառուցված դպրոցի հիման վրա: Դպրոցը համարվում է Պեկինի խոշորագույն եւ տեխնիկապես հագեցած դպրոցներից մեկը: Կրթական այս հաստատության շրջանավարտների շուրջ 95 տոկոսը ընդունվում է երկրի լավագույն ԲՈՒՀ-երը: Դպրոցն ակտիվորեն իրականացնում է նաեւ միջազգային համագործակցության ծրագրեր, այդ թվում՝ աշակերտների փոխանակման ծրագրեր մի շարք երկրների հետ:

Հանրապետության Նախագահը շրջել է կրթական հաստատությունում, զրուցել դասավանդող անձնակազմի հետ, ծանոթացել դպրոցի առօրյային եւ ուսումնական ծրագրերին, որից հետո գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում. «Ուրախ եմ հյուրընկալվել ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում: Վստահ եմ, որ այստեղ կրթություն ստացող չինացի ժողովրդի մատաղ սերնդի ներկայացուցիչները շարունակելու են Չինաստանի տպավորիչ եւ հիացմունքի արժանի հաջողությունների եւ ձեռքբերումների շարքը, որոնց ես վկա եմ դարձել Չինաստան կատարած իմ յուրաքանչյուր այցի ժամանակ:

Կարծում եմ՝ Ձեր դպրոցի փորձը հնարավոր կլինի օգտագործել նաեւ իմ նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվելիք չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի գործունեության ընթացքում: Մեր չինացի բարեկամների օգնությամբ ստեղծվելիք այդ կրթօջախը կդառնա հայ-չինական համագործակցության կարեւոր առհավատչյա:

Վստահ եմ, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդները բարեկամության եւ խաղաղության մթնոլորտում զարգացնելու եւ ամրապնդելու են իրենց կապերն ու համագործակցությունը՝ իրականացնելով ապագայի իրենց տեսլականները»,-գրել է Նախագահ Սարգսյանը:

Ի պատիվ պետական այցով Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից այսօր կտրվի պաշտոնական ճաշ:

 Համատեղ հռչակագիր

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին

2015 թվականի մարտի 24-28-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինի հրավերով պետական այցով Չինաստանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Երկու պետությունների ղեկավարները ջերմ, բարեկամական եւ փոխվստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում՝ հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ։ Ձեռք բերվեց փոխըմբռնում հարցերի լայն շրջանակի շուրջ։

Հայաստանի Հանրապետությունը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) բարձր գնահատեցին երկկողմ համագործակցության նկատելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել բոլոր ոլորտներում՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, եկան այն եզրակացության, որ Հայաստանի եւ Չինաստանի բարեկամական համագործակցությունը ոչ միայն համապատասխանում է երկու երկրների եւ ժողովուրդների արմատական եւ երկարաժամկետ շահերին, այլեւ նպաստում է երկու երկրների համատեղ զարգացմանն ու բարգավաճմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության։

Ելնելով երկկողմ բարեկամական համագործակցության հետագա զարգացման ընդհանուր ձգտումից, ինչպես նաեւ գիտակցելով երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության հետագա խորացման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ Կողմերը հայտարարում են հետեւյալի մասին.

1. Կողմերը այսուհետ եւս կշարունակեն զարգացնել փոխադարձ հարգանքի, հավասարության եւ փոխադարձ շահերի հիման վրա ձեւավորված հարաբերությունները եւ, հետեւելով 1996 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունների հիմունքների մասին» համատեղ կոմյունիկեի եւ 2004 թվականի սեպտեմբերի 27-ի՝ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համատեղ հռչակագրի դրույթներին, հետեւողականորեն իրականացնել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղեգիծը քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում՝ հայ-չինական հարաբերությունների բարեկամական համագործակցության շարունակական խորացման եւ զարգացման նպատակով՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

2. Կողմերը համարում են, որ հայ-չինական հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացման քաղաքական հիմքն են կազմում երկու երկրների առանցքային շահերին եւ մտահոգություններին առնչվող հարցերի շուրջ փոխադարձ համաձայնությունը եւ աջակցությունը։

Հայկական կողմը հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որեւէ ձեւով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որեւէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջեւ հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաեւ երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։

Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։

Կողմերը կրկին հայտարարում են, որ չեն մասնակցում որեւէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են Կողմերից որեւէ մեկի ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության դեմ, չեն ձեռնարկում ցանկացած նման գործողություն, ներառյալ՝ երրորդ կողմի հետ նման պայմանագրերի կնքումը, թույլ չեն տալիս իրենց տարածքում այնպիսի կազմակերպությունների եւ խմբավորումների ստեղծում, որոնք վնաս են հասցնում մյուս Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը, ավելին՝ արգելում են դրանց գործունեությունը իրենց տարածքում։

Կողմերը լիովին սատարում են սեփական իրողություններից ելնելով երկու երկրների ժողովուրդներից յուրաքանչյուրի ընտրած զարգացման ճանապարհը, հաստատում են աջակցությունը մյուս Կողմի ջանքերին` ուղղված պետական անկախության, ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության ամրապնդմանը, սոցիալ-քաղաքական կայունության ապահովմանը եւ ազգային տնտեսության զարգացմանը։

3. Կողմերը միակարծիք են, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջատար դեր է խաղում բարձր մակարդակի կապերի ամրապնդումը, համաձայն են հետագայում եւս ակտիվացնել երկու երկրների ղեկավարների փոխադարձ այցերը, ընդլայնել կառավարությունների, օրենսդիր մարմինների, կուսակցությունների, բանակների եւ հասարակական միավորումների միջեւ կապերն ու համագործակցությունը, անցկացնել պետական կառավարման փորձի փոխանակում, ընդլայնել երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստող ուղիներն ու խողովակները։

4. Կողմերը գտնում են, որ առեւտրատնտեսական կապերը հայ-չինական հարաբերությունների բարեկամական համագործակցության կարեւոր բաղկացուցիչն են, բարձր են գնահատում Առեւտրատնտեսական համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների գործնական համագործակցության խորացման հարցում, պատրաստ են հետագայում այս հանձնաժողովի միջոցով օպտիմալացնել երկու երկրների միջեւ առեւտրի կառուցվածքը, հարստացնել համագործակցության ձեւերը եւ ընդլայնել ուղիները, աստիճանաբար բարելավել առեւտրաներդրումային մթնոլորտը, փոխադարձ շահերի եւ իրավահավասարության հիման վրա միմյանց տրամադրել բարենպաստ պայմաններ` ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների եւ կապիտալի ներմուծման համար։

Չինական կողմը խրախուսում եւ աջակցում է իր ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անելու եւ ձեռնարկություններ ստեղծելու հարցում՝ իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա եւ առեւտրային օրինաչափություններին համապատասխան եւ, ելնելով տնտեսական եւ տեխնիկական նպատակահարմարությունից եւ հնարավորությունից, կմասնակցի այնպիսի բնագավառներում կառուցմանն ու զարգացմանը, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տրանսպորտը, էներգետիկան, կապը, առողջապահությունը, ենթակառուցվածքները եւ այլն, ինչպես նաեւ հայկական Կողմին հետագա հնարավոր աջակցություն կցուցաբերի ժողովրդի բարեկեցության բարձրացման համար կարեւոր նախագծերի իրականացման հարցում։

Հայկական Կողմն իր երախտագիտությունն է հայտնում չինական Կողմին երկար տարիների ընթացքում Հայաստանին տնտեսական եւ սոցիալական զարգացման հարցում ցուցաբերած արժեքավոր օգնության համար, ողջունում է Հայաստանում չինական ձեռնարկությունների ներդրումների աճը, պատրաստ է չինական ձեռնարկություններին տրամադրել բարենպաստ պայմաններ։

Կողմերը պատրաստ են հանգամանորեն քննարկել ֆինանսական համագործակցության զարգացման հարցը, ներառյալ` ազգային արժույթների փոխադարձ փոխանակումները, գտնել ֆինանսավորման ճկուն եւ բազմազան մեթոդներ եւ ֆինանսական աջակցություն տրամադրել համագործակցության կարեւոր նախագծերին։

Կողմերը պատրաստ են ակտիվորեն առաջ տանել պրակտիկ փոխանակումն ու համագործակցությունը տարածքային միավորների միջեւ եւ աջակցել նահանգների, մարզերի եւ քաղաքների միջեւ եղբայրական հարաբերությունների հաստատմանը՝ հաշվի առնելով տեղական արդյունաբերական կառույցները եւ նրանց առանձնահատկությունները՝ փոխլրացման հիման վրա։

Կողմերը նշեցին, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ ստեղծման նախաձեռնությունը նոր պատմական հնարավորություններ է ընձեռում երկու երկրների բազմակողմ համագործակցության համար։ Կողմերն ակտիվորեն կաշխատեն արդեն կնքված համաձայնագրերի իրականացման ուղղությամբ, համատեղ ջանքերով առաջ կտանեն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը՝ երկկողմ համագործակցության նոր լայն հեռանկարներ բացելով։

5. Կողմերն ընդգծեցին կրթության, մշակույթի, գիտության եւ տեխնիկայի, շրջակա միջավայրի պահպանման, ԶԼՄ-ների, սպորտի, զբոսաշրջության եւ այլ բնագավառներում երկու երկրների համագործակցությունը հետագայում եւս ընդլայնելու եւ կատարելագործելու անհրաժեշտությունը։ Կողմերը մանրամասնորեն կկատարեն կնքված համաձայնագրերը, կընդլայնեն գիտահետազոտական հաստատությունների, ԶԼՄ-ների, հասարակական միավորումների, գեղարվեստական խմբերի եւ երիտասարդական կազմակերպությունների միջեւ բարեկամական կապերն ու համագործակցությունը` երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնումն ու բարեկամությունը շարունակաբար խորացնելու եւ երկու երկրների սերնդեսերունդ փոխանցվող բարեկամությունն ամրապնդելու նպատակով։

Կողմերը պատրաստ են քննարկել ուսուցման եւ միմյանց լեզուների դասավանդման համատեղ կազմակերպման հարցը, աջակցել Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտների զարգացմանը:

Կողմերը կշարունակեն ընդլայնել ուսանողների փոխանակումը։ Չինական Կողմը պատրաստ է շարունակել պետական կրթաթոշակներ տրամադրել Չինաստանում սովորող հայ ուսանողներին, աջակցել հայկական Կողմին բոլոր բնագավառներում մասնագիտացված կադրերի պատրաստման հարցում։

Կողմերը դրականորեն կքննարկեն երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ առաջիկա 5 տարիների համագործակցության ծրագրի կնքման հարցը, փոխադարձ աջակցություն կցուցաբերեն այնպիսի խոշոր միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման հարցում, ինչպիսիք են Հայաստանում չինական մշակույթի եւ Չինաստանում հայկական մշակույթի օրերը։

Կողմերը դրականորեն են տրամադրված քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության իրականացման խնդրում, պատրաստ են համապատասխան ժամանակահատվածում անցկացնել բանակցություններ այդ հարցերի շուրջ, տարբեր ձեւաչափերով խրախուսել համագործակցությունը ավիափոխադրումների համար պատասխանատու ձեռնարկությունների եւ գերատեսչությունների միջեւ՝ երկու երկրների ժողովուրդների բազմակողմանի կապերի հետագա ընդլայնման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

6. Կողմերը, հիմնվելով միջազգային իրավունքի, երկկողմ պայմանագրերի եւ ազգային օրենսդրությունների վրա, արդյունավետ միջոցներ են ձեռնարկում քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, միմյանց տարածքում գտնվող քաղաքացիների եւ իրավաբանական անձանց օրինական իրավունքներն ու շահերը ապահովելու համար:

7. Կողմերն ընդունում եւ հարգում են մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքները, հանդես են գալիս հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ երկխոսության եւ համագործակցության միջոցով տարբեր երկրների միջեւ տարաձայնությունների կարգավորման օգտին, գտնում են, որ մարդու իրավունքների պաշտպանությունը միջազգային մակարդակով պետք է հաստատապես հիմնվի բոլոր երկրների ինքնիշխանության հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա եւ հանդես են գալիս մարդու իրավունքներին վերաբերող հարցերում երկակի ստանդարտների կիրառման եւ դրանց քաղաքականացման դեմ: Կողմերը դեմ են մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո այլ երկրների ներքին գործերին միջամտությանը եւ ամրապնդելու են մարդու իրավունքների ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով կապերն ու համագործակցությունը։

8. Կողմերը նշեցին, որ տարբեր ձեւերով եւ դրսեւորումներով ահաբեկչության աճող վտանգները լուրջ մարտահրավեր են ինքնիշխան պետությունների անվտանգության ու սոցիալ-քաղաքական կայունության համար, հետեւաբար՝ անվտանգությանն ու կայունությանը ողջ աշխարհում։

Կողմերը միահամուռ դատապարտում եւ հաստատապես հանդես են գալիս ահաբեկչության դեմ՝ ցանկացած ձեւերով եւ դրսեւորումներով, պատրաստ են հետագայում ակտիվացնել ՄԱԿ-ի Կանոնադրության եւ համապատասխան միջազգային հակաահաբեկչական փաստաթղթերի շրջանակներում երկու երկրների իրավապահ, անվտանգության եւ պաշտպանության մարմինների միջեւ կապերն ու համագործակցությունը, համատեղ պայքարել ահաբեկչության, փողերի լվացման, թմրանյութերի անօրինական շրջանառության եւ անդրազգային կազմակերպված հանցավորության այլ ձեւերի դեմ։

Կողմերը պատրաստ են շարունակել երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը անվտանգության եւ իրավակարգի, իրավական օգնության, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման ոլորտներում։

Կողմերը պատրաստ են համապատասխան ձեւով շարունակել պրակտիկ փոխգործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական պատվիրակությունների փոխայցելությունները, զինվորական կադրերի պատրաստումը, ռազմական օգնության ցուցաբերումը եւ այլն։

9. Կողմերն ընդգծեցին, որ ընթացիկ տարում նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակը, ինչպես նաեւ լրանում է ՄԱԿ-ի հիմնադրման 70 տարին: Կողմերը, որպես հաղթող երկրներ, վճռականորեն դատապարտում եւ հակազդում են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության աղավաղման, նացիզմի, միլիտարիզմի եւ նրանց մեղսակիցների քարոզչության ցանկացած փորձերին եւ գործողություններին: Երկու պետություններն ու ժողովուրդները լի են վճռականությամբ անելու իրենցից կախված ամեն ինչ` միջազգային հանրության, խաղաղասեր երկրների եւ ժողովուրդների հետ համատեղ շարունակելու գործադրել բոլոր ջանքերը` պահպանելու աշխարհակարգը, որի կորիզը կազմում է ՄԱԿ-ը` թույլ չտալով նոր պատերազմներ եւ հակամարտություններ: Կողմերը մեծ նշանակություն են տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին, նշում են դրանց ժխտման անընդունելիությունը՝ հանդես գալով դրանց դատապարտման եւ պատմական ճշմարտության պահպանման օգտին:

10. Կողմերը հետագայում եւս կակտիվացնեն երկխոսությունն ու փոխգործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության եւ այլ միջազգային կազմակերպությունների եւ կառույցների շրջանակներում, կպահպանեն սերտ կապերը եւ համակարգումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցերով` երկու երկրների զարգացման համար բարենպաստ միջազգային պայմաններ ստեղծելու նպատակով:

Կողմերը նշում են, որ ՄԱԿ-ը կենտրոնական դեր է կատարում երկրագնդի վրա խաղաղության պահպանման, համատեղ զարգացման աջակցության եւ միջազգային համագործակցության հարցերում: Կողմերը հանդես են գալիս ՄԱԿ-ի եւ նրա Անվտանգության խորհրդի անհրաժեշտ, ռացիոնալ եւ անդամ պետությունների կողմից համաձայնեցված բարեփոխումների օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրությամբ իր վրա դրված պարտականություններն ավելի արդյունավետ կատարելու նպատակով:

Կողմերը միակարծիք են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը պետք է իրականացվի առավելագույն կոնսենսուսի հիման վրա: Անհրաժեշտ է քննարկել զարգացող, ինչպես նաեւ միջին եւ փոքր պետությունների ներկայացուցչության եւ ձայնի իրավունքի ավելացման հնարավորությունը, նրանց՝ հերթականությամբ Անվտանգության խորհուրդ մտնելու, որոշումների ընդունմանը մասնակցելու եւ ավելի կարեւոր դեր խաղալու ավելի շատ հնարավորությունների տրամադրումը: Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է շարունակեն խորհրդակցությունները եւ ձգտեն հասնել բոլոր կողմերի շահերը եւ մտահոգությունները հաշվի առնող համալիր որոշման:

11. Կողմերը համարում են, որ կայացած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը նոր թափ կհաղորդեն հայ-չինական բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը, կծառայեն երկու երկրների ավանդական բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաեւ կնպաստեն երկու երկրների ժողովուրդների համատեղ զարգացմանը եւ բարգավաճմանը:

12. Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին պետական այց կատարել Հայաստան իրեն հարմար ժամկետներում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինն ընդունեց հրավերը երախտագիտությամբ եւ հաճույքով: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ