News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն Akunq.net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ներկայում քննարկվում է դպրոցներում համշեներենը որպես ընտրովի դաս ընդգրկելու հարցը:

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմում գտնվող Արդվին նահանգի Խոպա քաղաքում բնակվող համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն ավարտել է Անադոլու համալսարանի Գրականության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի մագիստրատուրան: Ձախակողմյան կողմնորոշում ունեցող Աքսուն իր քաղաքական հայացքների պատճառով 8 տարի ազատազրկվել է:

Նա է 2014 թվականից հրատարակվող համշենական առաջին ամսագրի՝ «Գոր»-ի խմբագրակազմի անդամ է:

Ջեմիլ Աքսուի հետ զրուցեցինք համշենահայերի ինքնության պահպանմանն ուղղված աշխատանքների մասին:

Akunq.net-ի այն հարցին, թե Ստամբուլում գործող ՀԱՏԻԿ միությունն ինչու մասնաճյուղ չի բացում համշենահայերով հոծ բնակեցված Խոպա քաղաքում, Աքսուն պատասխանեց, թե թերևս սույն կազմակերպության օրակարգում այդ հարցը չի եղել, և Խոպայից էլ նման պահանջ չի ներկայացվել:

Ամսագիրը կհրատարակվի վեցամսյա պարբերականությամբ٫ երկրորդ թիվը լույս կտեսնի 2015 թ. ապրիլին:

Հանդեսի նպատակն է պահպանել Համշենի բարբառն ու համշենահայերի մշակույթը: Ամսագիրը տարածվելու է նաև Կրասնոդարի երկրամասի համշենահայերի շրջանում:

Այն բաղկացած է երեք հիմնական բաժիններից.

1. Գիտական բաժին, որում ներկայացվելու է Համշենի և համշենահայության պատմությունը:

2. Լեզվի բաժին, որի նպատակն է Համշենի բարբառին չտիրապետող համշենցիներին սովորեցնել մայրենի բարբառը:

3. Բանահյուսության բաժին, որտեղ հայոց լեզվի Համշենի բարբառով ներկայացվելու է համշենի բանհյուսությունը:

Ջեմիլ Աքսուն շեշտեց٫ որ հանդեսի հիմնական նպատակներից մեկը համշենցիների ինքնության խնդիրն. «Գորի» խմբագրակազմը٫ համշենական ինքնությունը տեսնում է հայկականից զատ: Չնայած սրան՝ նրանք համոզված են, որ համշեներենը հայոց լեզվի բարբառ է, քանի որ իննսուն տոկոսով հայերեն է:

Նա նշեց, որ համշենցիները կասկածանքով են վերաբերվում իրենց հայկական ծագման մասին տեսակետին, քանի որ համշենական ինքնությունը հարյուր տարի է, ինչ կտրված է եղել հայկականից, իսկ ցեղասպանությունը պատճառ է, որ ժխտվի հայկական ինքնությունը:

Աքսուն նաև հայտնեց, որ համշենցիների մեծ մասը չի տիրապետում Համշենի բարբառին٫ որով հաղորդակցվում են միայն Խոպա գավառի համշենցիները: Եվ այդ փաստը բարդացնում է Թուրքիայի համշենցիների ինքնության ընկալումը:

Նա նկատեց٫ որ եթե Կրասնոդարի համշենցիներն ասում են` մենք համշենցի հայ ենք, ապա Թուրքիայի համշենահայերն իրենց համարում են համշենցի, բայց` ոչ հայ:

Նրա կարծիքով համշենցիների շրջանում ինքնության հարցի նկատմամբ ընդհանուր առմամբ երեք մոտեցում է նկատվում:

Առաջինը ազգայնամոլական մոտեցումն է, որին հակված համշենցիները կարծում են, թե համշեներենը թուրքերեն է. այդ տեսակետը հիմնավորում են այն փաստով٫ որ թուրքերեն շատ բառեր կան այդ լեզվում:

Երկրորդ մոտեցմանը հակված համշենցիները համարում են, որ իրենք համշենցի են, սակայն ունեն երկու ինքնություն. վերին ինքնությունը թուրքական է, ներքինը՝ համշենական: Այս երկրորդ մոտեցմանն առավելապես կողմնակից են սոցիալ-դեմոկրատները:

Իսկ երրորդ մոտեցմանը հակված մարդիկ իրենց ուղղակի համշենցի են համարում և կարեւորում լեզվի և մշակույթի պահպանումը:

Ջեմիլ Աքսուն ինքնության նկատմամբ այդ հակասական վերաբերմունքը բացատրեց այն փաստով, որ համշենցիներն արդեն ուծացվել են և անտեղյակ են իրենց իսկական ինքնության մասին: Ինքն անձամբ կարծում է, որ համշենցիները ծագում են հայերից: Որպես համշենական ինքնության սահմանում` Աքսուն առաջարկեց հետևյալ տարբերակը. «Ադրբեջանի ուզբեկներն իրենց համարում են առանձին ժողովուրդ: Համշենցիները ևս իրենց պետք է ընկալեն որպես առանձին էթնիկ հանրություն, որը ծագել է հայերից»:

Ըստ նրա՝ քանի որ դեռևս 300 տարի առաջ իսլամացված համշենցիները հեռու են եղել հայկական տարածաշրջանից, օտարված՝ Հայ առաքելական եկեղեցուց٫ չեն ենթարկվել Ցեղասպանության, դրա համար էլ ուծացվել են, կորցրել լեզուն և պատմական ինքնագիտակցությունը:

Ջեմիլ Աքսուն նաև ընդգծեց, որ համշենական ինքնության վերաբերյալ մի շարք հարցեր դեռ կարոտ են գիտական ուսումնասիրության: Օրինակ` պետք է բացահայտել, թե ինչու և ինչպես են համշենցիները Խոպա գաղթել Ռիզեից, որտեղ գտնվում է բուն Համշենը: Ինչու են այստեղ գաղթած համշենցիները պահպանել լեզուն, իսկ Ռիզեի համշենցիները` ոչ և այլն: Նա նշեց, որ հարցերի վերաբերյալ փոսքրաթիվ ուսումնասիրությունները բավարար չեն :

Անդրադառնալով ինքնության սեփական ընկալմանը` Աքսուն ասաց, որ իր համար կարևոր չէ հայ կամ թուրք լինելը: Նա նշեց, թե իրեն չի բնորոշի էթնիկ առումով, քանի որ որպես ձախակողմյան` կարծում է, թե ազգային ինքնությունը ամոթ զգալու կամ հպարտանալու առիթ չի կարող լինել: Սակայն ինքնությունը ժխտել, ըստ Աքսուի, նշանակում է հոգեբանական տրավմա ապրել:

Համշենահայ մտավորականը նաեւ հայտնեց, թե ո՛չ «Գոր» ամսագիրը, ո՛չ էլ ՀԱՏԻԿ միությունը նպատակ չեն դրել համոզել համշենցիներին, թե նրանք հայ են: Քանզի եթե ազգությունը հիմնական համարեն, չեն կարողանա առողջ քննարկման մթնոլորտ ձևավորել:

Ջեմիլ Աքսուն նաեւ հաղորդեց, որ ներկայում քննարկվում է դպրոցներում համշեներենը որպես ընտրովի դաս ընդգրկելու հարցը:

Տպել
Ամենաշատ