News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ զինվորական Սեթո Մալաթյանի հետ:

Պարոն Մալաթյան, բանակում ծառայելու որոշումն ինչպե՞ս եք կայացրել:

Ծնողներս ծնունդով Քեսաբից են, ես ծնվել եմ Լիբանանում: Մանկությանս տարիներին հորս հետ ամերիկյան, գերմանական ֆիլմեր էի դիտում կինոթատրոններում: Հենց այդ ժամանակ էլ զինվորական դառնալու որոշումը կայացրի: Նպատակներս երկուսն էին՝ ծառայել լիբանանյան բանակում՝ այս կերպ շնորհակալություն հայտնելով Լիբանանին ճողոպրած եւ Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդին օգնելու համար, երկրորդ, որ հետագայում կարողանամ հայ ազգին օգտակար լինել:

Լիբանանյան բանակում ծառայելը հե՞շտ էր, եթե հաշվի առնենք, որ 70-ական թվականներին երկիրը քաղաքացիական պատերազմների մեջ էր:

Քաղաքացիական պատերազմի ժամանակ լիբանանյան բանակն արդեն փլուզված էր, իսլամ զինվորները բաժանվել էին 2 մասի: 1983թ. գնդապետ Տհանը, այդ ժամանակ կապիտան Նարեկ Աբրահամյանը եւ ես որոշեցինք վերակազմավորել օդային գրոհայինների խումբը: Լիբանան ժամանեցին ամերիկյան, անգլիական, իտալական եւ ֆրանսիական ուժեր, որոնց հետ վերապատրաստվեցինք՝ այսպիսով ուժեղացնելով լիբանանյան բանակը եւ սկսելով մասնակցել քաղաքացիական պատերազմին: Մեր նպատակն էր խաղաղություն ստեղծել երկու կողմերի միջեւ: Սակայն այնպես ստացվեց, որ իսլամական ուժերը սկսեցին մեզ վրա հաձակվել, մենք պարտավոր էինք պատասխանել, որ վերագրավվեինք իսլամ ահաբեկիչների կողմից գրավված քրիստոնեական գյուղերը…

Այսօր էլ լիբանանյան բանակը դժվարին իրավիճակում է: Լիբանանյան բանակը հաճախ է ինձ խնդրում, որ գնամ Լիբանան եւ օգնեմ իրենց, սակայն ինձ համար առաջնայինը Հայաստանն է:

Պարոն Մալաթյան, այսօր Դուք ծառայում եք ամերիկյան բանակում, ինչո՞ւ հեռացաք Լիբանանից:

Դեռ ամերիկացիների հետ մարզվելու ժամանակ էի առաջարկներ ստանում ԱՄՆ տեղափոխվելու մասին: Սկզբնական շրջանում մերժում էի, հետո առաջարկեցին դառնալ Լիբանանում ԱՄՆ փոխդեսպանի թիկնապահ, որն ընդունեցի՝ կասկած անգամ չունենալով, որ փոքրիկ դավադրություն է՝ ինձ իրենց մեջ վերցնելու համար:

1-2 տարի անց փոխդեսպանը խնդիրներ ունեցավ Լիբանանի նախագահի թիկնապահի հետ: Լիբանանի իշխանություններն իմ դեմ դուրս եկան, ամերիկյան ուժերն ինձ ստիպված նախ Կիպրոս, ապա ԱՄՆ տեղափոխեցին, որտեղ էլ սկսեցի ծառայել բանակում: Այսօր արդեն զորավար եմ: Ինչպե՞ս հասա այս տիտղոսին: Ցանկանում էի 53 տարեկանում գնդապետի կոչումով թոշակի անցնել: 2014թ. մայիսին Հայաստանի Զինված ուժերի հրավերով Հայաստանում էի իմ զորավար Նարեկ Աբրահամյանի հետ: Այցի ընթացքում էլ հայաստանցի գործընկերներս խնդրեցին անպայման զորավարի կոչմանը հասնել: Անկեղծ ասած, այդ առաջարկն ինձ ծիծաղեցրեց, նաեւ զարմացրեց, թե ես այս տարիքում կարո՞ղ եմ արդյոք քննություններ հանձնել եւ այդ կոչումը ստանալ: Բայց վերադարձա Միացյալ նահանգներ, գերագույն հրամանատարիս ասացի ցանկությունս. Դժվարին, բայց գերազանց քննություններ եմ հանձնել՝ մարզումներ, հոգեբանական թեստեր, նույնիսկ պարաշյուտով թռիչքներ, եւ ստացա զորավարի կոչումը:

Նշեցիք, որ մեկ տարի առաջ Հայաստանում էիք: Կցանկանայի՝ խոսեք հայ-ադրբեջանական հակամարտության եւ երկու երկրների բանակների մասին:

Ադրբեջանն ունի նորագույն զենքեր, որոնք, սակայն, հազվագյուտ զինվորներ, մասնագետներ կարող են օգտագործել: Իսկ մենք բալիստիկ հրթիռներ ունենք, որը շատ կարեւոր զենք է: Բացի դրանից՝ Հայաստանի բանակը մարտունակությամբ ավելի ուժեղ է, ավելի ինքնավստահ է, որովհետեւ հայ զինվորն իր հողերն է պաշտպանում: Մեր հետազոտության տղաները շատ ուշադիր են, շատ լավ են հսկում մեր դիրքերը: Ադրբեջանցի զինվորը զենք ունի, բայց չունի այն քաջությունը, որ կարողանա պատերազմել հայոց բանակի դեմ: Հենց ադրբեջանցի ժողովուրդն էլ է ասում, որ Արցախն իրենցը չէ, դրա համար է ադրբեջանցու ոտքի տակ Արցախի հողը սահուն:

Երկար տարիներ ծառայում եք ԱՄՆ-ում: Ի՞նչ տարբերություն կա հայկական եւ ամերիկյան բանակների միջեւ:

Ամերկացին իր հողի վրա պատերազմի չի գնում, նա միշտ անեծքով է խոսում իր կառավարության մասին, որովհետեւ իր կարծիքով՝ իրենք քանդում են ուրիշ երկրներ, ոչ թե հաղթանակներ տոնում: Բայց սա հաղթանակ չէ, ԱՄՆ-ն պոռնիկների քաղաքականություն է վարում:

Ամերիկյան եւ հայկական բանակների զինվորների միջեւ տարբերությունները շատ-շատ են: Հայաստանցի զինծառայողների մեջ տեսա հարգանք, սեր, նվիրում ժողովրդի հանդեպ: ԱՄՆ-ում զինվորները բանակ են գնում՝ մեծ մասամբ գումարի համար: ԱՄՆ-ն տեխնոլոգիա ունի, սակայն ամերիկացի զինվորը պատերազմին երբեք պատրաստ չէ: Հայ զինվորը պատրաստ է իր հողը պաշտպանելուն, իհարկե, տեխնոլոգիա չունենք, սակայն գիտնականներ ունենք, որոնց միջոցով կարող ենք ցանկացած զենք արտադրել Հայաստանում:

Պարոն Մալաթյան, հավանական համարո՞ւմ եք, որ մի օր ծառայության կանցնեք հայոց բանակում:

Հարցը սրտովս էր: Օրեր առաջ հարցում եմ արել ընկերներիս շրջանում՝ գնալ Հայաստան, թե Լիբանան: Ի ուրախություն ինձ՝ մեծ մասը քվեարկել է Հայաստանի օգտին, որն ինձ համար ողջունելի է:

Շատ եմ ցանկանում Հայաստանին օգնել, գիտեմ, որ իմ վերջը Հայաստանում է: Եթե պատերազմ, միայն Հայաստանի համար, եթե մահ, նորից միայն Հայաստանի, հայրենիքիս համար: Նպատակս մեկն է ծառայել միայն հայոց բանակին, հայ ազգին, փորձառությունս նրանց փոխանցել:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ