News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մարտի 26-ին Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ բուհի ուսանողական խորհրդի տեխնիկապես վերազինված աշխատասենյակի բացումը։ Լսարանի վերազինումը կատարվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Հատկացվել են համակարգիչներ, տպիչ, մոնիտոր, պրոյեկտոր եւ անհրաժեշտ այլ սարքավորումներ։

Ուսանողական խորհրդի աշխատասենյակի բացման արարողությանը բուհի ուսանողները պատրաստել էին պարային ֆլեշ մոբ, սենյակը վերանորոգել ու ձեւավորել էին սեփական ջանքերով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ուսանողական ինքնակառավարման մարմինները Երիտասարդական հիմնադրամի մշտական ուշադրության ներքո են։ Իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ուսանողական ինքանակառավարման հզորացմանը։ Կարեն Ավագյանն առանձնացրեց Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ուսխորհրդի աշխատանքները՝ հավելելով, որ նրա արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաեւ բուհի վարչակազմի հետ համագործակցությամբ ու ռեկտորատի ցուցաբերած վստահությամբ։

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը շեշտեց, որ իրենց նպատակն է կրթական, հասարակական աշխատանքի պայմաններ ստեղծել ուսանողների համար, եւ գնահատելի է, որ այս գործում բուհերի կողքին կանգնած է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ռեկտորը տեղեկացրեց, որ բուհում աստիճանաբար լուծվում են տարբեր խնդիրներ. ստեղծվում են բազմաթիվ լաբորատորիաներ, այս տարի կավարտվի լաբորատորիաների ձեւավորման գործընթացը։ Կստեղծվեն ճարտարապետական արվեստանոցներ, մակետային սենյակներ։ Օրակարգում է ուսանողական նոր ճաշարանի կառուցման հարցը։ 

Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը նշեց, որ ուսխորհրդի նորացված եւ տեխնիկապես հագեցած աշխատասենյակը նոր հնարավորություններ կընձեռի ուսանողներին, ուսանողական ինքնակառավարման մարմնին։ Նա նաեւ տեղեկացրեց, որ Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ տեխնիկապես հագեցած արդեն երկրորդ լսարանն է բացվում Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում։ Հատկացված ամբողջ տեխնիկական միջոցները ծառայում են ուսանողներին, նրանց կրթական գործընթացի բարելավմանը։

Տպել
Ամենաշատ