News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վահան Տերյանի 130-ամյակին նվիրված աշակերտական մրցույթներն ավարտվել են պարգեւատրման միջոցառումով, որին ներկա է եղել  եւ հաղթանակած աշակերտներին պարգեւատրել  Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի կազմակերպիչներին՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը, Վ. Տերյանի անվան դպրոցին, «Ջավախքի աջակցության հիմնադրամ»-ին՝ նախաձեռնության եւ աշակերտներին՝ ակտիվ մասնակցության համար։ Այս նախաձեռնությունը, մրցույթ լինելուց զատ, ունի նաեւ ճանաչողական կարեւոր նշանակություն, քանի որ շատ երեխաներ, ովքեր առաջնորդվում էին բացառապես դասագրքերում եղած բանաստեղծություններով, վստահ եմ, որ մրցույթից հետո, երբ ընթերցեցին Տերյանի հատորյակները, նորովի, համակողմանի ճանաչեցին պոետին՝ սերերգու եւ հայրենասեր Տերյանին։ Շարունակե՛ք ընթերցել հայ գրականություն՝ անկախ հոբելյանական հռչակված օրերից ու նման առիթներից։ Հայ գրականությունը համաշխարհային գրականության շարքում, անշուշտ, ունի իր արժանի տեղը, որը հաստատելու, տարածելու գործում մեծ է պարտաճանաչ ընթերցասերի դերը։ Ընթերցե՛ք, շա՛տ ընթերցեք ու նորովի՛ ապրեցրեք հայ գրականությունը»,- ողջունելով աշակերտներին` հորդորել է քաղաքապետի տեղակալը։

Հունվարին մեկնարկած մրցույթն անցկացվել է դպրոցական եւ քաղաքային փուլերով՝ ասմունք, երգ, նկարչություն եւ աշակերտական ընթերցումներ անվանակարգերով։ Մրցույթին ներգրավված են եղել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցները։ Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել դերասաններ, ուսուցիչներ։

Անվանակարգերում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած աշակերտներից բացի, խրախուսական պարգեւների են արժանացել նաեւ մրցույթին մասնակից տասնյակից ավելի աշակերտներ։

Տպել
Ամենաշատ