News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպեց Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդի հետ: Քննարկման թեման հայ-իրաքյան հարաբերությունների մերձեցումն ու սերտ համագործակցության ստեղծումն էր: Նշենք, որ ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, իրաքյան կողմից համանախագահում է Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսը, որի վերջին այցը Հայաստան կայացել է անցյալ տարի՝ որպես Իրաքի գործարարների պատվիրակության ղեկավար:

Շնորհակալություն հայտնելով ՏԿԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Խալեդը նշեց, որ իրաքյան կողմը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների մերձեցմանը:

Որպես Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ՝ նախարար Երիցյանը վստահություն հայտնեց, որ հայ-իրաքյան համագործակցությունը թեւակոխելու է գործնական նոր արդյունավետ փուլ՝ նշելով, որ այդպիսին են նաեւ ՀՀ նախագահի եւ վարչապետի դիրքորոշումները:

Դեսպանը եւ նախարարը մասնավորապես քննարկեցին այս տարվա հոկտեմբերին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կայանալիք Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքային ծրագիրը:

Նշենք, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում՝ արդեն պարզեցվել է երկու պետությունների գործարարների համար մուտքի արտոնագրի ստացման գործընթացը: Գործում է նաեւ ուղիղ չվերթ Հայաստան-Իրաք եւ հակառակ ուղղությամբ, աշխատանքներ են տարվում ցամաքային հաղորդակցության խնդրի լուծման շուրջ, որը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, քանի որ վերջինս բարեկամական երկիր է թե՛ Հայաստանի, թե՛ Իրաքի համար:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Երիցյանը նշեց, որ հայ-իրաքյան համագործակցությունը զարգացնելու հարցում անելիքներ շատ կան՝ հատկապես շեշտելով գործառնությունը զբոսաշրջության ոլորտում. «Վստահ եմ, որ Հայաստանի եւ Իրաքի մերձեցման հարցում գործնական քայլերով միասին առաջ կգնանք եւ մոտ ապագայում արդեն միջպետական հարաբերությունների զարգացման զգալի աճ կունենանք»,-ասաց Ա. Երիցյանը:

Տպել
Ամենաշատ