News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համշենահայ բեմադրիչ Օզջան Ալպերի «Աշուն» ֆիլմում գլխավոր հերոսի մոր դերը կատարած Ռայիֆե Յենիգյուլի հետ հարցազրույց է վարել Akunq.net-ը։

Տիկին Ռայիֆեն մեզ ընդունեց համշենահայերին բնորոշ սիրալիրությամբ եւ խանդավառությամբ...

Նա մասնագիտությամբ դերասանուհի չէ, «Աշուն»-ն էլ թերեւս միակ ֆիլմն է, որում խաղացել է, սակայն այնքան բնական է կատարել իր դերը, որ ակամայից մտածում ենք` այս անսահման բարի համշենահայուհին ընդամենը խաղացել է ինքն իրեն, եղել իրեն այնքան հոգեհարազատ մոր կերպարում…

Ընթերցողները վստահաբար ծանոթ են Օզջան Ալպերի այդ առաջին լիամետրաժ ֆիլմին, նրանցից շատերը նաեւ դիտել են այն 2009 թվականին, երբ «Աշուն»-ը ոչ միայն ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, այլ նաեւ արժանացավ Ժյուրիի հատուկ եւ FIPRESCI մրցանակներին:

Այնուամենայնիվ հիշեցնենք` համշենահայ բեմադրիչ եւ սցենարիստ Օզջան Ալպերը ծնվել է ներկայիս Թուրքիայի Արդվին նահանգի Խոպա գավառում, ավարտել Տրապիզոնի լիցեյը: 1992 թ. սովորել է Ստամբուլի համալսարանի Բնագիտության ֆակուլտետի ֆիզիկայի բաժնում: Բեմադրիչի առաջին ինքնուրույն ստեղծագործությունը «Մոմի»-ն է, որը Համշենի բարբառով ստեղծված առաջին կարճամետրաժ ֆիլմն է, իսկ «Մելանխոլիան եւ ռապսոդիան Տոկիո քաղաքում» վավերագրական ֆիլմը նկարահանվել է Ճապոնիայում: Ռեժիսորի մեկ այլ փաստագրական ֆիլմ է «Մի գիտնականի հետ ճանապարհորդություն` ժամանակի մեջ»-ը:

«Աշուն»-ը նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը մրցանակների է արժանացել բազմաթիվ փառատոներում: Սույն ֆիլմը ձախակողմյան քաղաքական հայացքների պատճառով իր երիտասարդության 10 տարիները բանտում անցկացրած մի համշենահայ երիտասարդի` Յուսուֆի մասին է, ով երկաթե ճաղերից դուրս գալով` վերադառնում է իր հայրենի Խոպա գավառը եւ փորձում վերագտնել իր արմատները: «Աշուն» ֆիլմում ներկայացվում է 1990-ական թվականների Թուրքիան, տարիներ, երբ ձախակողմյան լինելն ըստ էության մեծ հանցանք էր համարվում այս պետությունում:

Օզջան Ալպերը «Դրոշակ»-ի խմբագրատանը Ռուբեն Հովսեփյանի, Կարեն Խանլարյանի եւ Հայկազուն Ալվրցյանի հետ ունեցած զրույցում հետեւյալն էր ասում սույն ֆիլմի վերաբերյալ. «Ես շատ եմ կարեւորում տան թեման, սակայն տունն ինձ համար չի սահմանափակվում զուտ շինություն լինելով: Տունը մարմնավորում է անցյալի պատմությունը, մշակույթը, լեզուն… «Աշուն» ֆիլմում ներկայացվում է մի համշենցու պատմությունը, որը տասը տարի տեւած բանտային կյանքից հետո վերադառնում է Խոպա` իր տուն: «Աշուն» ֆիլմի հիմքում իրական պատմություն է ընկած: Խոսքը իմ համալսարանական ընկերներից մեկի` Ջեմիլ Աքսուի** մասին է, որը կալանավորված է եղել…»:

Եվ ահա ժամանակավորապես գտնվելով Խոպա քաղաքում` ցանկացանք անպատճառ ծանոթանալ ֆիլմում մոր դերը խաղացած Ռայիֆե Յենիգյուլի հետ:

Տիկին Ռայիֆեն մեզ ընդունեց համշենահայերին բնորոշ սիրալիրությամբ եւ խանդավառությամբ: Ռայիֆե Յենիգյուլը թեեւ սակավախոս էր եւ հակիրճ էր պատասխանում մեր հարցերին, այնուամենայնիվ նրա լռության մեջ պերճախոսություն կար, որն արտահայտված էր նրա անսահման բարի աչքերում:

Տիկին Ռայիֆեն ծնվել է Խոպա գավառի Խիկո (պաշտոնական անվանումը` Բաշոբա) գյուղում: Օզջան Ալպերի ազգականուհի տիկին Ռայիֆեն ֆիլմում խաղացել է 65-66 տարեկան հասակում: Նա այդ դերը կատարել է բեմադրիչի խնդրանքով, առանց որեւէ ակնկալիքի:

Մեր այն հարցին, թե արդյոք նախքան ֆիլմի նկարահանումն իր կյանքում եղել է որեւէ նախադեպ, երբ իր ծանոթներից կամ ազգականներից որեւէ մեկը կալանավորվել կամ հալածվել է ձախակողմյան հայացքների պատճառով, տիկին Ռայիֆեն պատասխանեց, թե իր ամուսնու եղբոր տղան Տրապիզոնում սպանվել էր ձախակողմյան լինելու համար:

Իսկ այն հարցին, թե «Մտահոգություն ունեցե՞լ եք, որ ֆիլմում խաղալը կարող էր վտանգավոր լինել Ձեր ընտանիքի համար», նա պատասխանեց. «Այդ մտավախությունները, բնականաբար, միշտ էլ եղել են: Մանավանդ որ նախքան ֆիլմի նկարահանումը տղաս ձերբակալվել էր եւ 10-12 օրվա ազատազրկման ենթարկվել ձախակողմյան լինելու հետեւանքով…»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ