News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կփոխի օդանավերի անձնակազմերի աշխատանքային ինստրուկցիան, եթե դա պահանջի միջազգային ԻԿԱՕ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին վարչության մամուլի ծառայությունից՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե A320 օդանավի կործանումից հետո մի շարք երկրներում թռիչքի պահին օդաչուների խցիկում 2 օդաչուների ներկայությունը պարտադիր է:

«ԻԿԱՕ-ն իր անդամ երկրների համար է մշակում այդ կանոնները: Երբ լինեն դրանք, մեզ ուղարկեն, մենք պարտադիր կընդունենք, քանի որ կարգն է այդպես»,- ասացին մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Գերմանիան, Կանադան եւ Նորվեգիան արդեն իսկ հայտարարել են փոփոխությունների մասին, որի համաձայն՝ թռիչքի ժամանակ օդաչուն այլեւս իրավունք չունի միայնակ լինել օդաչուների խցում, նախկինում նման արգելք չկար: Թռիչքի պահին օդաչուների խցում պետք է լինեն երկու օդաչուներ:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանվել է Germanwings  բյուջետային ավիաընկերության Airbus A320 օդանավ: Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ, որոնք զոհվել են ավիաաղետի հետեւանքով: Ըստ մամուլի հրապարակումների՝ վթարի մեղավորն օդանավի 2-րդ օդաչուն է եղել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, քանի որ նա կասկածվում է 150 ուղեւոր ունեցող օդանավը միտումնավոր կերպով կտրուկ վայրէջքի տանելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ