News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որտեղ առաջարկներ է ներկայացրել հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնում ենք նամակը.

«Պարոն Հովիկ Աբրահամյանին

ՀՀ վարչապետ

Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Հարգելի պարոն Աբրահամյան,

Ի պատասխան Ձեր 20.03.2015թ. N 01/41.1/4250-15 գրության

Երկրի զարգացումն ապահովելու համար կարեւորագույն պայման է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման համար գործուն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը:

Մեր խորին համոզմամբ այն կարող է լինել արդյունավետ, եթե այն ձեւավորվի որոշակի սկզբունքների հիման վրա, որպեսզի չկրկնի նախկինում ձեւավորված նույնանման հանձնաժողովների սխալները: Մեր առաջարկություններն են.

1. Խորհրդի ղեկավար օղակում պետք է ընդգրկված լինեն ինչպես պետական, այնպես էլ ընդդիմադիր ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խորհրդի անդամներ: Խորհրդի նախագահությունը պետք է իրականացվի ռոտացիոն սկզբունքով` պետական, ընդդիմադիր եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ սկզբունքով,

2. Խորհրդում ընդգրկվելիք հասարակական կազմակերպությունները պետք է ունենան զգալի ներկայություն (5 ներկայացուցիչ), որոնք պետք է խորհրդի մյուս անդամների հետ ունենան հավասարազոր քվեարկելու իրավունք: Քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչները պետք է ներկայացնեն առնվազն 3-4 տարվա հակակոռուպցիոն արդյունավետ գործունեություն իրականացրած հասարակական կազմակերպություններ կամ միություններ,

3. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը պետք է ունենա ոչ միայն խորհրդատվական գործառույթ, այլեւ օժտված լինի իր գուծունեության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա պետական կառավարման մարմիններին դիմելու եւ համապատասխան գործ հարուցելու պահանջով հանդես գալու իրավունքներով,

4. Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մշտական, վճարովի հիմունքներով գործող աշխատակազմ,

5. Աշխատակազմում պետք է գործի փորձագիտական խումբ,

6. Խորհրդին առընթեր ստեծված հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում աշխատելու նպատակով հրավիրվածները պետք է աշխատեն վճարովի հիմունքներով,

7. Առնվազն 3 ամիսը մեկ անգամ աշխատակազմի փորձագիտական խումբը եւ մոնիտորինգի հանձնաժողովը համատեղ պետք է Խորհրդին ներկայացնեն տվյալ ժամանակահատվածում իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույց,

8. Խորհուրդը պետք է սերտորեն համագործակցի այլ պետական կառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարելու գործառույթ ունեցող կամ այդ նպատակով ստեղծված կառույցների հետ:

Այս առաջարկություններն ընդունելու դեպքում «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստ է քննարկել եւ իր մասնակցությունը բերել հանձնաժողովի ձեւավորմանն ու աշխատանքների կազմակերպմանը:

Հարգանքով՝

Ռուբիկ Հակոբյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ