News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով առաջիկա 6 ամիսների ընթացքում Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Գյումրի, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքներում շուրջ 700 հայ պատանիներ եւ երիտասարդներ մասնակցելու են իրենց նախնիների մշակույթի մասին իրազեկող միջոցառում-դասընթացների, սովորելու են ազգային երգն ու պարը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաձեռնությունը կրում է «Կորսված ժառանգության հետքերով» խորագիրը եւ կյանքի է կոչվել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ «Ցեղասպանություն եւ մշակույթ» անվանակարգում։

Ըստ «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի նախագահ Նարինե Դելլալյանի՝ այսօր հեռացել ենք մեր պապերի թողած ժառանգությունից՝ հայտնվելով օտար ազդեցությունների տակ։ Եվ անհրաժեշտ է, որպեսզի վերադառնանք ակունքներին, ինչը մեր ազգային դիմանկարն է կերտում։ ՀԿ նախագահը, պատմելով երիտասարդների հետ հանդիպումների մասին, ասում է, որ երբ վերջիններիս ներկայացվում են մեր մշակութային արժեքները, նկատելի է, թե ինչ մեծ ոգեւորությամբ, սիրով են դառնում են դրանց կրողները։

Դասընթացները մարզերում անցկացնում է «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը։ Եվ որպես մնայուն արժեք՝ ծրագրի շրջանակներում 500-ական օրինակով կթողարկվեն նաեւ ձայնասկավառակ եւ տեսասկավառակ։ Ձայնասկավառակում տեղ կգտնի Հայրիկ Մուրադյանի կողմից կատարվող 8 երգ, իսկ տեսասկավառակում ներկայացված կլինի 8 ազգագրական պարի կատարում ու ուսուցում՝ իրենց բացատրություններով։ Սկավառակներում կտեղադրվի նաեւ տեղեկատվական գրքույկ, որտեղ ամփոփված կլինեն երգերի նոտաներն ու բառերը, ինչպես նաեւ՝ ինֆորմացիա՝ ներկայացվող պարերի, դրանք գրառողների մասին։ Սկավառակները կբաժանվեն ծրագրի մասնակիցներին, դպրոցներին եւ կպահպանվեն գրադարաններում ու արխիվներում։

Նարինե Դելլալյանն ընդգծում է, որ եթե մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ, բացօթյա դասընթացներ են կազմակերպվում ավանդական երգ ու պարի ուսուցման համար, մարզերում նման նախաձեռնությունները բացակայում են։ Ուստի շատ կարեւոր են հենց մարզային հանդիպումները։

Նրա տեղեկացմամբ՝ ազգային երգ ու պարի դասընթացներ կանցկացվեն նաեւ Պորտուգալիայում՝ Լիսաբոնում։ Սփյուռքում առավել, քան Հայաստանում նման միջոցառումների կարիքը զգում են։ Լիսաբոնում հայկական համայնքը փոքր է եւ ոչ այնքան ակտիվ։ Այստեղ շփումն ազգային արժեքների հետ շատ քիչ է. նախաձեռնողները հույս ունեն, որ ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի հայ երիտասարդների մոտ, ինչպես նաեւ՝ եւս մեկ անգամ հայրենիք վերադառնալու, հայրենանվեր գործ անելու ցանկություն։

Տպել
Ամենաշատ