News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Սինգապուրի Չինական միջազգային դպրոցի ավագ դպրոցի տնօրեն Վահագն Վարդանյանի հետ ունեցած հարցազրույցի երկրորդ մասը։ Այս հատվածում Վահագն Վարդանյանը պատմել է ավագ դպրոցի մասին եւ ներկայացրել կղզու կյանքն ընդհանրապես։

Եթե երկու խոսքով նկարագրեք Սինգապուրը, ապա այն...

Այն շատ մրցունակ երկիր է՝ լավ զարգացած ենթակառուցվածքներով։ Սինգապուրը, որը ոչ մի բնական հարստություն չունի, գտնվում է աշխարհում ամենաբարձր ՀՆԱ ունեցող պետությունների հնգյակում։ Երկրում գործազրկության մակարդակը աշխարհում ամենացածրերից է՝ ընդամենը 2 տոկոս։

Կպատմե՞ք, թե ինչպես հայտնվեցիք այնտեղ։

Ես 15 տարեկան էի, երբ սկսեցի հետաքրքրվել Սինգապուրի զարգացման պատմությամբ, եւ այդ ժամանակից ի վեր միշտ ցանկանում էի սեփական աչքերով տեսնել այդ երկիրը։ 2000թ. ես մեկնեցի ԱՄՆ՝ մագիստրատուրայում սովորելու։ Դրանից հետո նորից վերադարձա Երեւան՝ շարունակելով աշխատել Զարգացման հայկական բանկում։

Դեռեւս ԱՄՆ-ում ուսանելու տարիներին ես սկսեցի չինարեն սովորել, եւ երբ 2005թ. հնարավորություն ստեղծվեց շարունակել լեզվի ուսուցումը, ես մեկնեցի Չինաստան՝ Պեկինի լեզվի եւ մշակույթի համալսարան։ 2006թ. Միջազգային բակալավրիատի ծրագրով  (International Baccalaureate IB – խմբ.) սկսեցի տնտեսագիտություն դասավանդել Պեկինի ամենամեծ IB դպրոցներից մեկում։ 2 տարի անց ինձ հրավիրեցին Սինգապուր՝ Չինական միջազգային դպրոց։

Ինչպե՞՚ս Դուք դարձաք Չինական միջազգային դպրոցի ավագ դպրոցի տնօրեն։

Սկզբում ես տնտեսագիտություն եւ բիզնես մենեջմենթ էի դասավանդում։ Առաջին ուսումնական տարվա ավարտին ես դարձա IB Diploma Programme-ի համակարգող, եւս 2 տարի անց՝ ավագ դպրոցի տնօրեն։

Այս պահին ես զուգահեռ աշխատում եմ Սինգապուրի ազգային համալսարանում դոկտորական դիսերտացիա պաշտպանելու ուղղությամբ։ Իմ հետազոտությունները վերաբերում են ազգային ինքնությանը, այս աշխատությունում որպես օրինակ է վերցվել Հայաստանի եւ հայ ժողովրդի ինքնությունը։

Դու ասացիք, որ սկսել եք չինարեն սովորել ԱՄՆ-ում ուսանելու տարիներին։ Ինչու՞ չինարեն։ Ձեզ հետաքրքրում էր Արեւելյան Ասիայի մշակու՞յթը։

Ոչ։ Դա նպատակաուղղված ընտրություն էր։ 2001թ. շատ քչերն էին չինարենը հեռանկարային լեզու համարում։ Բայց ես ռիսկի դիմեցի, եւ, ինչպես ցույց տվեց ժամանակը, չսխալվեցի։ Իհարկե, ես այն ժամանակ պատկերացնել անգամ չէի կարող, որ ինչ-որ ժամանակ աղջիկս առաջին դասարան կգնա չինական դպրոցում։

Ձեր դպրոցում  հայեր կա՞ն։

Այո, իմ աղջիկն էլ հետը մենք Հայաստանից 7 աշակերտ ունենք։ Դրա համար անհրաժեշտ է քննություն հանձնել մաթեմատիկայից, անգլերենից եւ անցնել հարցազրույց, որը պլանավորվում է կազմակերպել Երեւանում ապրիլի վերջին։ Արդյունքներից կախված՝ դպրոցը աշակերտներին մինչեւ 75 տոկոս ուսման զեղչ է տրամադրում։

Մոտավորապես որքա՞ն արժի Սինգապուրում ապրելը։

Ճանապարհածախսը, ապրելն ու առանց զեղչի կրթությունը միասին արժի տարեկան 30-32 հազար դոլար, իսկ, օրինակ, ուսման վարձի 75 տոկոս զեղչի դեպքում՝ 16 հազար դոլար։

Դիմորդների քանակը սահմանափա՞կ է։

Ոչ։ Ամեն ինչ դպրոցի ղեկավարությունն է որոշում՝ ելնելով քննությունների եւ հարցազրույցի արդյունքներից։

Ի՞նչ կասեք կարգապահության մասին։ Դուք խի՞ստ տնօրեն եք։

Կարծում եմ, այո։ Լինելով դպրոցի կարգապահական հանձնաժողովի նախագահ՝ ես վստահ եմ, որ բարությունն ու խստությունը հականիշներ չեն, եւ կրթական ոլորտում դրանք պետք է հավասարակշռված լինեն։ Մեր աշակերտների մեծ մասը սովորում է ուսանողական վիզայով։ Դասերի այցելությունների հարցը շատ խիստ է դրված։ Օրինակ, եթե աշակերտի հաճախելիությունը առանց հարգելի պատճառների 90 տոկոսից ցածր է, ապա միգրացիոն ծառայությունը կարող է չեղյալ համարել վիզան։

Ձեր խոսքով՝ երկրում բարձր է մրցակցության  մակարդակը։ Ինչպե՞ս եք հաղթահարում սթրեսը։

Ցավոք սրտի, այսօր սթրեսը քաղաքային կյանքի անբաժանելի մասն է։ Կարեւորը, որքանով է քեզ դուր գալիս քո աշխատանքը, եւ որքանով ես դու ներգրավված գործիդ մեջ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ավագ դպրոցում աշխատելը, որն իր մեջ ընդգրկում է ավագ դասարանցիների հանրակացարանի հետ աշխատանքը, ենթադրում է սթրեսի բավական բարձր մակարդակ։ Պետք է որոշակի սահմանափակումներ դնել, սակայն խոստովանեմ, որ երբեմն դա շատ դժվարությամբ է հաջողվում:

Սինգապուրը կատակով անվանում են «տուգանքների քաղաք»։ Դուք դա զգո՞ւմ եք։

Ոչ, եթե մարդ ի սկզբանե հարգում է միջավայրը, որտեղ ապրում է, ապա չի զգա։ Սինգապուրում ամեն բան շատ տրամաբանական է գործում։

Այդ կապակցությամբ ձեզ մի պատմություն պատմեմ։ Մի անգամ ակադեմիական խորհրդի նիստին մենք պետք է որոշում ընդունեինք, սակայն դրա համար անհրաժեշտ էր ուսումնասիրել օրենքը։ Եվ խորհրդի նախագահը, որն իր ուսերի հետեում Սինգապուրում աշխատելու մեծ փորձ ունի, ասում է. «Շատ տրամաբանական է հնչում։ Եթե տրամաբանական է, ուրեմն պետք չէ օրենքը նայել։ Նշանակում է օրենքին համապատասխանում է»։ Աշխարհում ոչ  մի ուրիշ տեղ ես նման բան չեմ լսել. «Եթե տրամաբանական է, ուրեմն օրենքին համապատասխան է»։ Հետո պարզվեց, որ հենց այդպես էլ կա։

Ես լսել եմ, որ կղզում արգելված է մաստակի ներկրումն ու վաճառքը։ Ինչո՞՚վ է դա պայմանավորված։

Այո, դա այդպես է։ Առաջին հերթին, Սինգապուրը արեւադարձային երկիր է, որը գրեթե հասարակածի վրա է գտնվում։ Ինչը ենթադրում է շոգ եւ խոնավ կլիմա ամբողջ տարի։ Պատկերացրեք, թե ինչ տեսք կունենա ասֆալտին նետած մաստակն այս պայմաններում։

Մասնավորապես դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ փողոցները մաստակից մաքրելու տնտեսական ծախսերը գերազանցում են այդ բիզնեսի եկամուտները։

Սինգապուրը այն երկրներից է, որտեղ մինչեւ հիմա կիրառվում է մահապատիժը։ Ձեր կարծիքով՝ պատժի այդ ձեւը հանցագործությունը զսպո՞ղ միջոց է։

Դա փիլիսոփայական հարց է...

Փիլիսոփայական պատասխան տվեք։

Որպես կանխարգելիչ միջոց՝ ինձ թվում է, որ ավելի շուտ այո, քան ոչ։ Երկրում, որը տարածաշրջանում օդային եւ ծովային առանցքային կայան է, հանցագործության մակարդակը շատ ցածր է։ Սինգապուրը ամենաանվտանգ երկրներից է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ ողջ աշխարհում։

Ի՞՚նչ կարգավիճակ ունեք Դուք Սինգապուրում։

Ես մշտական բնակության իրավունք ունեմ, սակայն հանդիսանում եմ Հայաստանի քաղաքացի։

Մտածե՞լ եք Սինգապուրի քաղաքացիություն ձեռք բերելու մասին։

Բարդ հարց է, քանի որ Հայաստանում կարելի է երկքաղաքացիություն ունենալ, իսկ Սինգապուրում՝ ոչ։

Այլ կերպ ասած՝ Դուք պետք է հրաժարվեք հայկական անձնագրից։ Կգնա՞ք այդ քայլին։

Դրա համար առաջին հերթին պետք է համակերպվել այն մտքի  հետ, որ Հայրենիք մեկնելու համար վիզա է անհրաժեշտ։

Եվ վերջին հարցը... ի՞նչ եք Դուք զգում, երբ գերզարգացած Սինգապուրից այցելում եք Երեւան։

Ես ծնվել եմ Երեւանում եւ կյանքիս 2/3-ը ապրել այստեղ։ Այո, կան բաներ, որոնք դեռ այնքան զարգացած չեն, որքան կցանկանայի, սակայն սա իմ հարազատ քաղաքն է, եւ ես միշտ ուրախ եմ վերադառնալ այստեղ։

Զրուցեց Անի Աֆյանը

Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ՝  (Սինգապուրի Չինական միջազգային դպրոցում հայերեն են դասավանդում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ