News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եզդիները  ցանկանում են, որ Հայաստանի Ազգային ժողովը քննարկի և ընդունի Օսմանյան կայսրության կողմից եզդիների ցեղասպանության մասին օրինագիծը։ Այդ հարցի շուրջ նրանք այսօր՝ մարտի 27-ին, խոսել են Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր՝ մարտի 27-ին, ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին։

Նրա խոսքով՝ Շարմազանովի հետ հանդիպմանը նա ներկայացրել է մի շարք փաստեր, որոնք վկայում են, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրականացրել նաև եզդիների նկատմամբ, և խնդրել է, որ ստեղծվի աշխատանքային խումբ։

 «Ես խնդրել եմ պարոն Շարմազանովին, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որին  մասնակից դառնան նաև այն պատգամավորները, որոնք մտահոգություն են հայտնել մեր խնդրի հետ կապված, և նա համաձայնել է»,- ասաց Բորիս Մուրազին։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության հավաքած  փաստերը ներկայացվելու են այն աշխատանքային խմբին, որը կզբաղվի այդ գործընթացով։ Բորիս Մուրազիի խոսքով Թուրքիայի կողմից իրականացված ճնշումների մասին վկայում են երկուհարյուր էջանոց պատմական փաստաթղթերը՝ բերված Թուրքիայի ազգային արխիվից, հինականում արաբերեն կամ օսմաներեն լեզուներով, նաեւ որոշ գիտական աշխատություներ եւ այլ փաստեր։

«Այս ամենը վկայում է այն մասին, որ եթե հայերի նկատմամբ ճնշումներ են եղել մինչև 1915թ., ապա եզդիների նկատմամբ ճնշումը շարունակվում է մինչև 1978թ.։ Կարծում եմ, որ ազգային ժողովում պետք է անդրադառնան պատմական այն ժամանակահատվածին, երբ թուրքերը ցեղասպանության են ենթարկել եզդիներին», - ասաց Բորիս Մուրազին։

Տպել
Ամենաշատ