News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «Լեզվի հանձնաժողով», որի նպատակը կլինի «բացահայտել» համշեներենի ծագումը։ Այս մասին, Akunq.net-ին հայտնել է Ռամազան Բալջըօղլուն։

Թուրքիայի Արդվին նահանգի Քեմալփաշա գյուղախմբի համշենահայ բնակիչ Ռամազան Բալջըօղլուն (47 տարեկան) լրագրող և լուսանկարիչ է, նաեւ` Ստամբուլում 2011 թվականից գործող ՀԱՏԻԿ միության ղեկավարներից մեկը: Մեզ հետ զրույցում Բալջըօղլուն պատմեց ՀԱՏԻԿ-ի հիմնադրման նպատակների և գործունեության մասին, ինչպես նաեւ` ներկայացրեց Թուրքիայի իսլամացած համշենահայերի ինքնության վերաբերյալ սեփական պատկերացումները:

«ՀԱՏԻԿ-ը ստեղծման օրվանից նպատակադրվել է պահպանել համշեներենը և համշենական մշակույթը: Ինքս եղել եմ այս կազմակերպության կանոնադրությունը կազմողներից մեկը: ՀԱՏԻԿ միության նպատակն է նպաստել համշենական մշակույթի պահպանմանն այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսին է, օրինակ, Ստամբուլը٫ քանզի նոր սերունդը հետզհետե կորցնումէ լեզուն և մշակույթը: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարում համշեներենն անհետացման վտանգի տակ է, քանի որ համշենցիներն սկսել են իրարից հեռու ապրել: Լեզուն պահպանել են միայն Խոպայի համշենցիները, քանի որ նրանք չեն խառնվել, մեկուսացված են ապրել,-մեզ հետ զրույցում ասաց համշենցի լրագրողը և շարունակեց,-Համշենցիներն իսլամացվելուց հետո սկսել են յուրացնել մահմեդական ինքնությունը: Խոպայի համշենցիների 80 տոկոսն իրեն մուսուլման է համարում, իսկ ոչ ուսյալ 20 տոկոսը կրոնը չի կարևորում: Համշենցիների մոտ առկա է Թուրքիային պատկանելու գիտակցություն: Նրանցից շատերը կարծում են, թե համշենցիների հայկական ծագմանն ուղղված ուսումնասիրությունները կարող են վնասել իրենց: Նրանց հայ լինելն անընդհատ շեշտելը կարող է գրգռել ազգայնամոլական խմբերին»:

Երբ Ռամազան Բալջըօղլուն նշեց` «Թեեւ ասվում է, որ նրանք հայ են, սակայն գիտական ուսումնասիրություններ չեն արվել այդ ուղղությամբ», մենք միջամտեցինք` ընդգծելով, որ բազմաթիվ հայ գիտնականներ են կատարել նման ուսումնասիրություններ: Բալջըօղլուն հակադարձեց` ասելով, թե այդ ուսումնասիրություններն արվել են միայն հայերի կողմից, այնինչ անհրաժեշտ է, որ համշեներենի` հայերեն լեզվից ծագելու մասին դրույթն ապացուցվի նաեւ թուրք գիտնականների կողմից: Նա, սակայն, բացասական պատասխան տվեց մեր այն հարցին, թե արդյոք Թուրքիայում կա՞ն այնպիսի որակյալ հայագետներ, ովքեր կկարողանան նման ուսումնասիրություն կատարել:

«Ես, որպես Թուրքիայում բնակվող համշենցի, ուզում եմ, որ պահպանվի Համշենի մշակույթը,-խոսքը շարունակեց Բալջըօղլուն:-Այդ նպատակով ենք հիմնել ՀԱՏԻԿ միությունը: Սույն կազմակերպության ստեղծման հիմնական դրդապատճառը մեծ քաղաքներում համշենական մշակույթի պահպանումն է և Ադաբազարի պես` համշենցիներով հոծ բնակեցված բնակավայրերում նրա մասնաճյուղերի հիմնումը: Ըստ իս՝ Խոպայում մասնաճյուղ բացելը լավ գաղափար չէ, քանի որ այստեղ մենք ապրում ենք լազերի և վրացիների հետ միասին. Խոպայում մասնաճյուղ ստեղծելը ճիշտ չի լինի մյուս բնակիչների վերաբերմամբ»:

Ինչպես հայտնեց Բալջըօղլուն, Թուրքիայում համշենցիների երկու խումբ կա՝ Խոպայինը և Ռիզեինը: Նրա կարծիքով` արևմտյան կամ Ռիզեի խմբի համշենցիների 80-90 տոկոսը թուրքացված է եւ ազգայնամոլ: Արեւմտյան խմբի համշենցիները բաժանված են երկու ենթախմբերի` լեռներում ապրողներ և ծովափին ապրողներ: Վերջիններս արհամարհանքով են վերաբերվում լեռներում ապրողներին, քանի որ լեռնաբնակների շրջանում պահպանված մշակութային շատ տարրերի պատճառոով ծովափին կամ քաղաքում բնակվողները լեռներում ապրողներին քամահրանքով ասում են` դուք հայ եք: Ըստ նրա` արեւմտյան համշենցիները մշակութային առումով միախառնվել են թուրքական և իսլամական մշակույթին:

Նրա խոսքով` ՀԱՏԻԿ-ի մեկ այլ նպատակն էլ համշենցի տարեցներից խաղիկներ ու երգեր գրառելը և դրանք «Գոր» ամսագրում հրատարակելն է:

Բալջըօղլուն բացասական պատասխանեց տվեց մեր այն հարցին, թե արդյոք ՀԱՏԻԿ միությունը ճնշումների ենթարկվե՞լ է պետական մարմինների կողմից: Ավելին՝ նա ընդգծեց, որ նման կազմակերպությունների շնորհիվ դյուրին է այս հարցերը պահել կառավարության վերահսկողության տակ: Նա նաև հայտնեց, որ ՀԱՏԻԿ-ը ներկայում 280 անդամ ունի:

Ռամազան Բալջըօղլուն Akunq.net-ի թղթակիցների հետ զրույցում նաեւ նշեց, թե մի խումբ համշենցիներ նոր հաստատություն են ստեղծում, որը կկոչվի Համշենցիների ծառայության հիմնադրամ: Ստեղծվելիք սույն հիմնադրամի նպատակը կլինի ֆինանսապես մեծ կարողություն ունեցող համշենցիների միջոցով տնտեսապես վատ դրության մեջ գտնվող համշենցի ընտանիքներին, ուսանողներին, ինչպես նաև արտասահմանում բնակվող համշենցիներին աջակցելը: Հիմնադրամը կունենա նաև «Լեզվի հանձնաժողով», որի նպատակը կլինի «բացահայտել» համշեներենի ծագումը: Կազմակերպիչները մտադիր են այդ նպատակով հանձնաժողովում մասնագետներ ընդգրկել ինչպես Թուրքիայից, այնպես էլ` Հայաստանից և արտերկրից:

Մենք կատակեցինք` ասելով, որ այդ հանձնաժողովը նման է Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնել փորձող թուրքերի` «Պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու գաղափարին, քանի որ համշեներենի` հայոց լեզվի բարբառներից մեկը լինելու փաստը վաղուց է ապացուցված:

Իսկ մեր այն հարցին, թե ինչ կլինի նրանից հետո, երբ «Լեզվի հանձնաժողովի» անդամներն ապացուցեն, որ համշեներենը հայերեն է, Բալջըօղլուն պատասխանեց. «Թուրքիայի Հանրապետությունում դժվարին ժամանակներ են էթնիկ խմբերի համար… Եթե հիմա նման բան ասվի, քաոս կառաջանա: Համշենցիներիս մեծ մասի մեջ թրքության պատկանելությունն առաջնային է: Կարծում եմ` եթե ապացուցվի համշենցիների հայկական ծագումը, մենք առնվազն երկու-երեք խմբի կբաժանվենք: Բայց և այնպես, կարևոր է, որ լեզվաբաններն ուսումնասիրեն և մի միասնական որոշման հանգեն: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ եթե անգամ ապացուցվի, որ համշենցիները Հայաստանից են ծագում, որեւէ բան չի փոխվի…»:

Բալջըօղլուն հայտնեց նաև, որ գնացել է Կրասնոդար, Սոչի, Աբխազիա և հարցազրույցներ վարել այնտեղի քրիստոնյա համշենահայերի հետ` բնականաբար օգտագործելով իր մայրենի լեզուն: Իր այդ այցին անդրադառնալով` նա նշեց.

«200 հազար քրիստոնյա համշենցի կա Աբխազիայում: Նրանց ֆինանսական դրությունը լավ է: Ինձ դուր է գալիս, որ նրանք պահպանել են համշենական մշակույթը: Ինձ երջանիկ զգացի, երբ նույն լեզվով խոսեցինք: Ես անձամբ շատ մոտ եմ զանազան մշակույթներին. Տարբեր մշակույթների հետ եմ առնչվում… Եթե Հայաստանին պատկանեմ, ինձ երջանիկ կհամարեմ, կիմանամ, թե որտեղից եմ: Սակայն երջանիկ եմ նաև, որ Թուրքիայում եմ ապրում: Ես այստեղ ոչ մի խտրականության չեմ ենթարկվել, ոչ մի ճնշում չեմ տեսել պետության կողմից: Եվ մենք` համշենցիներս, ամեն բան անում ենք, որ պահպանենք մեր մշակույթն ու լեզուն: Կրոնի հարցում ես զգայուն չեմ: Լայն աշխարհընկալում ունեմ, չեմ նեղացնում այն. աշխարհը տեսնում եմ մեկ ամբողջության մեջ: Կարծում եմ` մարդիկ պետք է ապրեն առանց լեզվի, կրոնի սահմանափակումների: Ատում եմ օրենքներն ու սահմանափակումները: Աստծու ստեղծած ամեն մի արարած պետք է ազատ ապրի այս աշխարհում…»:

Զրույցի վերջում Ռամազան Բալջըօղլուն հայտնեց, որ իրենք նախատեսնում են նաև Ստամբուլում բացել մի յուրօրինակ թանգարան` Համշենական տուն, որում կցուցադրվեն Համշենի մշակույթն արտացոլող ցուցանմուշներ:

Տպել
Ամենաշատ