News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Աշոտ Նավասարդյանի գաղափարախոսությունը անկախությունն էր, եւ պատահական չէ, որ նա դարձավ Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահը։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ-ական պատգամավորների եւ նախարարների եւ այլ բարձաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղիկներ դրեց նրա գերեզմանին։

«Նրա պայքարը Հայաստանի անկախության համար էր, բանակի ստեղծման համար, նրա մտորումները ղարաբաղյան շարժումն էր եւ դրա հաղթանակը։ Աշոտ Նավասարդյանը քաղաքական բավական լուրջ ճանապարհ էր անցել եւ ինքը բավական զուսպ էր, բարեկիրթ, բարձր արժանապատվություն ուներ։ Նրան ոգեւորված կամ բարկացած կտեսնեիր միայն այն ժամանակ, երբ խախտում էր նկատում անկախության, Հայաստանի եւ հայրենիքի հարցերում»,-ասաց Գալուստ Սահակյանը։

Նրա խոսքով՝ Աշոտ Նավասարդյանը բոլորին համախմբում էր անկախության եւ Ղարաբաղի հարցերի շուրջ, ինչը այժմ էլ շարունակում է գլխավոր դեր ունենալ Հանրապետական կուսակցության գաղափարախոսության մեջ։

«Նա պնդում էր, որ Ղարաբաղի հարցում այլաբեկումներ չպետք  լինեն։ Ղարաբաղը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում եւ նրա այդ գաղափարախոսությունը մինչեւ հիմա շարունակվում է»,-ասաց ԱԺ նախագահը։

ԱԺ նախագահը, Երեւանի քաղաքապետը եւ բարձրաստիճան այլ ՀՀԿ-ականեր ծաղիկներ դրեցին նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշակոթողին։

Աշոտ Նավասարդյանը եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) եւ խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետեւել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ 1990թ.-ից եղել է Հանրապետական կուսակցության հիմնադիր  նախագահը։

 Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։

Մասնակցել է Հայաստանի պաշտպանության եւ Արցախի ազատագրման մարտերին Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի եւ այլն։ Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։

Հանկարծամահ է եղել  1997թ.-ի  նոյեմբերի 3-ին 47 տարեկան հասակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ