News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշոտ Նավասարդյանը պատանի տարիքից սկսած պայքարել է Հայաստանի անկախության համար։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-րդ տարեդարձի օրը, լրագրողների հետ զրույցում ասաց նրա ընկեր, ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։

«Մեր մանկությունը, պատանեկությունը, դրանից հետո ընդհատակյան պայքարի տարիները Ազգային միացյալ կուսակցության ժամանակ միասին է եղել։ Այն գաղափարները, որոնց համար մենք պայքարում էինք, երազանք էին թվում, բայց այսօր՝ 50 տարի անց, իրականություն է։ Կա անկախ պետություն, եւ աշխատում ենք այն ավելի հզորացնել»,-ասաց Ռազմիկ Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Աշոտ Նավասարդյանը հասկանում էր, որ փոփոխությունները միանգամից չեն կարող լինել։

«Նա միշտ ասում էր, որ փոփոխությունները փուլային են լինելու, երկնքից չի ընկնում 3 խնձոր, ինչպես հեքիաթներում է լինում։ Բնականաբար կան սոցիալական, տնտեսական, ռազմական դժվարություններ, որոնք լուծել է պետք»,-ասաց Ռազմիկ Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Աշոտ Նավասարդյանը եւ ռազմական եւ քաղաքական գործիչ էր։

«Ճիշտ է, ռազմական ակադեմիաներ չէր ավարտել, բայց երբ որ անկախության բանակը հիմնվեց եւ առաջին մարտը եղավ Երասխավանում,  նա բոլորի կողմից ընդունված հրամանատար դարձավ»,-նշեց Ռազմիկ Զոհրաբյանը։

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ Աշոտ Նավասարդյանի երազած Հայաստանը դեռ չունենք, սակայն ինքը վստահ է, որ փուլ առ փուլ կհասնենք այդ Հայաստանին։

Աշոտ Նավասարդյանը եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) եւ խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետեւել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ 1990թ.-ից եղել է Հանրապետական կուսակցության հիմնադիր  նախագահը։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Մասնակցել է Հայաստանի պաշտպանության եւ Արցախի ազատագրման մարտերին Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քարվաճառ, Լաչին, Շուշի եւ այլն։ Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։ Հանկարծամահ է եղել  1997թ.  նոյեմբերի 3-ին 47 տարեկան հասակում։

Տպել
Ամենաշատ