Հայաստանը պատրաստ է դառնալ նաեւ ասիացի գործարարների շահերի կենտրոն: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ստորեւ ներկայացնում են Սերժ Սարգսյանի ելույթը.
«Ուրախ եմ, որ իմ պետական այցն այս զարմանահրաշ երկիր՝ հյուրընկալ Չինաստան, եզրափակում եմ Ասիայի Բոաո հեղինակավոր համաժողովին ուղղված իմ ելույթով: Այս կառույցն իրավամբ դարձել է ասիական տարածաշրջանի զարգացման, տնտեսական համագործակցության եւ առաջընթացի ապահովման յուրօրինակ խթան: Նմանօրինակ ներկայացուցչական համաժողովները կարեւոր հարթակ են նաեւ երկխոսության եւ փոխճանաչողության համար:
Հայաստանը Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնվող մի երկիր է, որ հազարամյակներ շարունակ կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջեւ եւ որտեղ միաձուլված են արեւելյան եւ արեւմտյան արժեքները: Այդ կապի առարկայական պատկերը պատմական Մետաքսի մեծ ճանապարհն է, որի անքակտելի մաս է կազմել Հայաստանը: Եվ պատահական չէ, որ մեզ համար այդքան գրավիչ է նախագահ Սի Ծինփինի՝ ժողովուրդներին միավորող այդ ուղին վերականգնելու առաջարկը:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. մեր կառավարությունն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որեւէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, որ երաշխավորված է օրենքով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:
Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկրներից է, որ լուրջ ներքաղաքական ցնցումներ չի ապրել եւ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ տարբեր զարգացման ցուցանիշներով զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի շատ երկրների, ինչը կարեւոր նախադրյալ է ներդրումային գրավչության առումով:
Այսօր Հայաստանն ազատ առեւտրի համաձայնագրեր ունի շուրջ 250 մլն. բնակչություն ունեցող ԱՊՀ բոլոր երկրների հետ: Իսկ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ազատ մուտք ունի 170 միլիոնանոց միասնական շուկա, հումքի անմաքս ներմուծման իրավունք ԵՏՄ եւ 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ պայմաններ՝ 3-րդ երկրներից:
Օգտվում ենք նաեւ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի արտոնությունների համակարգից, այսինքն՝ զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքեր են գործում հայկական ծագում ունեցող ապրանքներն այս երկրներ արտահանելիս: Հայաստանը նաեւ խոշոր արտահանողներին տրամադրում է արտոնյալ պայմաններ, այդ թվում՝ ազատելով շահութահարկից:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մենք որդեգրել ենք գիտելիքահենք տնտեսություն կառուցելու ուղին, որի նպատակով գործուն քայլեր ենք ձեռնարկել: Մեր հաջողությունների վառ վկայությունն է Հայաստանում գործող Դիլիջան միջազային դպրոցը (UWC), Ամերիկյան, Ֆրանսիական եւ Սլավոնական համալսարանները եւ, իհարկե, Կոնֆուցիոսի ինստիտուտը, որը վերածվել է հայ-չինական համագործակցության յուրահատուկ պլատֆորմի: Արդյունքում, ՀՀ-ն արձանագրել է թռիչքային աճ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում:
Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, աշխարհագրական դիրքով, բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձեւաչափերով եւ «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցմամբ:
Հայաստանը պատրաստ է դառնալ նաեւ ասիացի գործարարների շահերի կենտրոն: Կառաջարկեի դիտարկել նաեւ չինական եւ այլ ասիական խոշոր ընկերությունների Հայաստանում տարածաշրջանային գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները: Գործարարների համար հատկապես գրավիչ կարող է լինել էներգետիկայի ոլորտը, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կամ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրերում համագործակցությունը` Մետաքսի ճանապարհ նախաձեռնությանը համահունչ:
Համագործակցության նախադրյալներ կան նաեւ զբոսաշրջության ոլորտում՝ ներառյալ «Մեծ մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային երթուղու շրջանակներում, ինչը կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ միջմշակութային երկխոսության տեսանկյունից: Արձանագրելով տարեկան առնվազն 10% աճ՝ զբոսաշրջությունը Հայաստանում առավել դինամիկ զարգացող ոլորտներից է: Աշխարհագրական դիրքով եւ հարուստ մշակութային ժառանգությամբ պայմանավորված Հայաստանի զբոսաշրջային մեծ ներուժը ավիացիայի ոլորտի խթանման կարեւոր նախադրյալներից է, որի զարգացման նպատակով 2013թ. մենք որդեգրեցինք Բաց երկնքի քաղաքականություն: Արդյունքում, աճեցին ուղեւորափոխադրումները, ընդլայնվեց դրանց աշխարհագրությունը, իսկ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 2013թ. ճանաչվեց լավագույն օդանավակայանը ԱՊՀ երկրների շարքում:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Վստահ եմ՝ այսօրվա մեր հանդիպումը մեծապես կնպաստի մեր բարեկամության ամրապնդմանը՝ բացահայտելով փոխշահավետ համագործակցության նոր ուղիներ: