News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բոլոր երկրները, որոնք ուզում են լավ հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ, պետք է ընդունեն, որ Թայվանը նրա անբաժանելի մասն է, եւ ոչ ոք չպիտի խառնվի  ՉԺՀ ներքին գործերին։ Այս մասին մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց «Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա  Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Չինաստանի ներքին խնդիրը շատ ցավոտ հարց է երկրի համար։ «Մենք տեսնում ենք, որ Չինաստանը նույնպես չի խառնվում այլ երկրների ներքին գործերին։ Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումն այն է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Բանն այն է, որ Չինաստանը փորձում է չեզոք քաղաքականություն վարել Հարավային Կովկասում։

Այսինքն՝ Չինաստանը Հարավային Կովկասի ոչ մի պետություն չի առանձնացնում։ Դա ՉԺՀ ռազմավարությունն է տարածաշրջանում։ Ադրբեջանից Չինաստանին պետք են միայն էներգակիրներ, եւ Չինաստանը ներդրումեր է կատարում այդ ոլորտում։ Վրաստանը նրան հետաքրքիր է տարանցիկ ներուժի առումով, այսինքն՝  Չինաստանը ենթակառուցվածքների զարգացման քաղաքականություն է իրականացնում՝ շինարարություն, երկաթուղիների, ավտոմայրուղիների  վերականգնում, բացել է նոր ավիաչվթերթ։ Հայաստանը Չինաստանին հետաքրքրում է իր գիտական ներուժով. չինացիները հասկանում են, որ հայերը լավ կարողություններ ունեն գիտության ոլորտում»,- հայտարարել է Մկրտչյանը՝ նշելով, որ տարածաշրջանում առաջին չինական դպրոցը բացվել է հենց Հայաստանում։

Հիշեցնենք, որ մարտի 24-28-ը Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։  Այցի արդյունքում ստորագրվել էր մեկ տասնյակից ավել փաստաթղթեր, որոնց թվում՝ «Հայաստանի Հանրապետության  եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման» համատեղ հռչակագիրը։

Հռչակագրում մասնավորապես ասված է. «Հայկական կողմը աջակցում է միասնական Չինաստանի քաղաքականությունը եւ դեմ է «Թայվանի անկախությանը»՝ դրա ցանկացած դրսեւորմամբ։  Հայկական կողմը հաստատում է, որ ոչ մի պաշտոնական կապ չի հաստատում Թայվանի հետ եւ պաշտպանում է Թայվանի ծոցի երկու ափերի միջեւ համագործակցության խաղաղ զարգացումն ու երկրի վերամիավորման գործում Չինաստանի Կառավարության կողմից ձեռնարկած միջոցառումները՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անբաժանելի մասն է։ Չինական կողմը, համաձայն ՄԱԿ Կանոնադրությանը եւ սկզբունքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին,  հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ