News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր`  մարտի 30-ին,  Մ.Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ներկա է գտնվել «Եվրասիական ժառանգություն. Ղրղզստանի տարածքում հայկական մշակութային հուշարձանների ուսումնասիրության  հարցը» գիտական  ծրագրի քննարկմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԿԳՆ-ից:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ  այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ փորձ է արվում  դեռեւս խորհրդային տարիներից շրջանառության մեջ դրված Իսիկ-Կյուլ լճի հատակին հայկական կործանված եկեղեցու եւ Մատթեոս առաքյալի մասունքների առկայության մասին վարկածը դարձնել գիտական ուսումնասիրության նյութ, եւ Մատենադարանում կազմակերպված քննարկումը նվիրված է այդ խնդրին. « Պատմությունից հայտնի է, որ  միջնադարում հայ միսիոներներն ակտիվ գործունեություն են ծավալել նաեւ Միջին Ասիայի  կենտրոնական հատվածում, որտեղ գործել են հայկական եկեղեցիներ: Այն գաղափարը, որն այսօր միավորել է  բարձրաստիճան պաշտոնյաներին եւ գիտնականներին, ցանկությունն է բացահայտելու քաղաքակրթական հերթական առեղծվածը: Դեռեւս խորհրդային տարիներին  Հայաստանի գիտնականների եւ Հայ առաքելական եկեղեցու կողմից մի քանի անգամ այս հարցը ուսումնասիրվել է:Հատուկ ծառայությունները նույնպես հետաքրքրված էին Իսիկ Կյուլի հատակին թաքնված խորհրդավոր գաղտնիքով, սակայն աշխատանքներն այն ժամանակ մինչեւ վերջ չեն շարունակվել: Ակնհայտ է, որ հայկական վանքի առկայությունը Իսիկ Կյուլի մոտակայքում, որտեղ ըստ ավանդության հուղարկավորված է նաեւ առաքյալներից մեկը՝ Մատթեոսը, շատ հետաքրքիր եւ ուշագրավ ժառանգություն է, որը վկայում է դեռեւս միջնադարում միջմայրցամաքային ամուր կապերի առկայության մասին եւ փաստում, որ հայ ժողովուրդն այդ գործընթացում  կարեւոր տեղ է զբաղեցրել»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ հանդես են եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի երկու ներկայացուցիչներ, ովքեր դիմել են նաեւ ՀՀ կրթության եւ գիտության, մշակույթի նախարարություններին, ՀՀ Նախագահի աշխատակազմին՝ աջակցելու գիտական աշխատանքների կազմակերպմանը: Քննարկումներից հետո կստեղծվի հարցի վերաբերյալ տեղեկատվական պաշար, ի մի կբերվեն եւ կմեկտեղվեն բոլոր արխիվային տվյալները՝ Իսիկ Կյուլի միջնադարյան հայկական եկեղեցու վերաբերյալ, որի հիման վրա կստեղծվի նախաձեռնող գիտական խումբ:

Քննարկմանը մասնակցել են ԵՏՄ-ի, Ղրղզստանի, Հայ առաքելական եկեղեցու, բուհերի եւ գիտական ինստիտուտների ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում ներկայացրել են գիտական հարցի նախապատմությունը, անդրադարձել Միջին Ասիայում հայկական եկեղեցիների գործունեությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ