News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի ճանաչված գրող Ժիլբեր Սինուէի` էրզրումահայության տեղահանության եւ սպանդի եղերական պատմության ու  Հայոց ցեղասպանության մասին պատմող «Երեւան» վեպն արդեն կարող ենք ընթերցել  հայերենով: Այն բնագրից հայերեն է թարգմանել ԽՍՀՄ եւ ՀՀ ժուռնալիստների միությունների անդամ Զարմիկ Սարգսյանը, իսկ գրքի առաջաբանը գրել է Շառլ Ազնավուրը:

«Գրքի թարգմանությունը տեւեց 4 տարի, գրված ամեն մի բառ ու իրադարձություն հազարապատիկ հոգովս, արյանս ու սրտիս միջով անցան: Գնում էի Հովհաննեսի հետեւից, Շուշանի հետ մեռա, Սողոմոնի հետ հերոսացա: Թարգմանելիս մեծ պատասխանատվության զգացում ունեի, ուզում էի այնպես թարգմանել, որ Սինուէի գրած վեպը մնա այնպիսին, ինչպիսին «ծնել» է հեղինակը: Նաեւ մտավախություն ունեի, որ հայ ընթերցողն հնարավոր է` չհավանի վեպի հայերեն տարբերակը, բայց արձագանքները դրական էին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Սարգսյանը:

Զարմիկ Սարգսյանը նշեց, որ «Երեւան» վեպը հայերեն թարգմանելու գաղափարը շատ պատահական է իր մոտ առաջացել. «Աղջիկս ապրում է Ֆրանսիայում եւ վեպի լույս տեսնելուց հետո, աղջկաս ֆրանսիացի ընկերները գիրքը նրան էին նվիրել: Երբ ես հերթական անգամ այցելեցի Ֆրանսիա, նրանց տանը տեսա այդ վեպը: Միանգամից մտածեցի գտնել հեղինակին եւ շնորհակալություն հայտնել` մեր ժողովրդի պատմությանն անդրադառնալու, մեր ցավը կիսելու, մեզ հասկանալու եւ ֆրանսիացի ընթերցողին մեր պատմությանը ծանոթացնելու համար: Հեղինակը էլեկտրոնային փոստով գրածս նամակին անմիջապես արձագանքեց: Ես համարձակվեցի նրան հարցնել` արդյոք կուզենա, որ իր գիրքը հայերեն թարգմանվի, նա պատասխանեց, որ շատ է ուզում եւ ես սկսեցի վեպի թարգամանության աշխատանքները»,-ասաց Սարգսյանը:

«Երեւան» վեպի թարգմանիչ Զարմիկ Սարգսյանը նշեց, որ գրքի էջանշանը պատրաստված է յուրահատուկ ձեւով` իր մեջ կրելով Հայոց ցեղասպանության զոհերի հավերժ հիշատակի մասնիկը:

«Գրքի էջանշանը պատրաստված է  Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի շուրջ դրվող ծաղիկների վերամշակումից ստացված թղթով: Ես հասկացա, որ  այս վեպի համար «Երեւան»  ամենահարմարն է եւ Սինուէն շատ ճիշտ է ընտրել  գրքի վերնագիրը: Ինչ ուզում ես արա, ուր ուզում ես գնա, ի վերջո, հայի համար «Երեւան» բառն ուրիշ նշանակություն ունի, այն շատ խորհրդանշական է, քանի որ իր մեջ է պարունակում հայ, հայություն, Հայաստան, նախահայրենիք, բնաշխարհ, սովորություններ եւ այլ ազգանվեր գաղափարներ: Ավելի լավ վերնագիր հազիվ թե գտնվեր»,-ասաց Զարմիկ Սարգսյանը:

Նշենք, որ Ժիլբեր Սինուէն իր գրքի հայերեն հրատարակության առթիվ գրած հատուկ նախաբանում, դիմել է հայ ընթերցողին` գրելով. «Խոստովանում եմ` բավական երկար ժամանակ վարանում էի գրիչ վերցնել…Ես, որ այդ կոտորածների ժամանակ ոչ մի հարազատ չէի կորցրել, արդյոք իրավունք ունեի անդրադառնալու իմ կարծիքով սուրբ մի թեմայի, որը, ինչում խորապես հավատացած էի ես, պատկանում էր նահատակների սերունդներին: Ի վերջո, տեղի ունեցավ  պարզապես ապշեցուցիչ մի իրադարձություն, որն էլ հենց օգնեց ինձ` հաղթահարելու երկմտանքս. 1999-ի դեկտեմբերին Եվրամիության Հելսինկյան գագաթաժողովը պաշտոնապես ճանաչեց Թուրքիայի` ԵՄ անդամության թեկնածությունը: Ինձ համար ինչ-որ անվայելուչ, անպարկեշտ բան կար այդ իրողության մեջ, եւ հենց դա էլ, միախառնվելով հանկարծաբուխ մի պոռթկումի հետ, վերջ տվեց իմ մտատանջությանը. «Երեւանը» պիտի´ ծնվեր…»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ