2015թ. հուլիսին Հայաստան կժամանի Ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող շուրջ 250 գիտնական։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողներին հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Գիտնականները Հայաստան կժամանեն Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ասոցիացիայի կոնֆերանսին, որը կայանում է 2 տարին մեկ անգամ։ 2015թ. այն կկայանա հուլիսի 8-12-ը։
Ամենից շատ գիտնականներ կժամանեն ԱՄՆ-ից։ Քիչ չեն նաեւ Իսրայելից եւ եվրոպական երկրներից ժամանող հետազոտողները։ «Ընդհանուր առմամբ աշխարհագրությունը շատ լայն է։ Կժամանեն աշխարհի գրեթե բոլոր ծայրերից։ Մասնավորապես սպասվում է, որ մեկական մասնակից կլինի Բանգլադեշից եւ Հարավային Աֆրիկայից»,- նշեց Դեմոյանը։