News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մարտի 29-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից մահացած 20-ամյա Հովսեփ Անդրեասյանը ցանկանում էր բանակից վերադառնալուց հետո նախկինի պես աշխատել ու օգնել ընտանիքին: Զոհված զինծառայողի հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ Հովսեփն 8-ամյա կրթություն է ստացել, զորակոչվելուն նախորդած 2 տարիներին տարբեր աշխատանքներ արել հայրենի Մխչյան գյուղում եւ ՌԴ-ում:

«Նախքան զորակոչվելը Ռուսաստանում էր, աշխատում, օգնում էր մորն ու հորը: Դեպքից երկու օր առաջ էր խոսել մոր հետ, ասել էր՝ մամ ջան, 100 օր է մնացել, որ վերադառնամ: Մի տեղ ճարի, որ հենց գամ աշխատեմ: Ուզում էր աշխատեր, տունը վերանորոգեր: Ընտանիքն էլ հույսն իր հետ էր կապում, մայրն ասում էր՝ Հովսեփիկս գա, լավ կլինի»,- պատմեց հարեւաններից Նելլի Սաֆարյանը:

Հարեւանները հիշում են, որ բանակ զորակոչվելիս Հովսեփն այցելել է իրենց տները, մեկ առ մեկ համբուրել բոլորին ու հաջողություն մաղթել: Տղայի մահվան լուրը լսելուց հետո հարեւանները գիշերն արթուն են անցկացրել ու մինչեւ հիմա էլ չեն հավատում, որ նման բարի ու հայրենասեր տղան այլեւս չկա:

«Շատ խելոք, հասկացող, խելացի երեխա էր, հայրենասեր, ծնողներին օգնող, բոլորի կողմից սիրված: Շատ բարի էր, աշխատասեր, կյանքում ոչ մեկի չէր վիրավորի: Ահավոր բան է եղածը, մեր հավատը չի գալիս: Լսելուց հետո ամբողջ փողոցը, գյուղը ցավում է պատահածի համար»,- ասաց հարեւանուհին:

Հիշեցնենք, որ Հովսեփը տան կրտսերն էր, երկու քույր եւ մեկ եղբայր ունի: Զինծառայողը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում, նրան տեղափոխել էին հոսպիտալ, որտեղ մահացել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ