News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարտի 31-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Այցի նպատակն է հանդիպել համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի 8 համայնքների բնակիչների հետ: Նախարարը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ արդեն հանդիպել է Սյունիքի մարզի Հարժիս, Շինուհայր, Խոտ համայնքների բնակիչների հետ:

Հանդիպման ընթացքում բնակիչները ՏԿԱԻ նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերն ու համայնքներում առկա խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են ոռոգման ջրի, ճանապարհների, գազիֆիկացման եւ աշխատատեղերի խնդիրների լուծմանը: Նախարար Երիցյանը բնակիչների հետ զրույցի ընթացքում ներկայացրել է համայնքների խոշորացման ծրագրի առավելությունները, որոնցից հիմնականը համայնքների կառավարման եւ համայնքներում արվող ներդրումների օգտագործման արդյունավետության բարձրացումն է: Նախարար Երիցյանը նշել է, որ Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը ներդնելիս՝ գլխավորապես առաջնորդվում ենք Գերմանիայի եւ Արեւելյան Եվրոպայի փորձով: «915 համայնք կառավարելը շատ ավելի դժվար եւ պակաս արդյունավետ է: Օրինակ՝ մի համայնքում կա գործարան, մյուսում՝ մշակութային կենտրոն, երրորդում՝ սպորտային համալիր եւ այլն: Խոշորացման ծրագիրը ենթադրում է, որ այս բոլոր համակարգերը կարող են հավասարապես օգտագործվել փնջում եղած համայնքների միջոցով: Բնակիչների համար իրենց իսկ ցանկությամբ գործելու է միջհամայնքային տրանսպորտ»,-ասել է նախարար Երիցյանը:

Անդրադառնալով մայիսի 17-ին կայանալիք համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ տեղական հանրաքվեին՝ նախարար Երիցյանը նշել է, որ թե երկրի նախագահի, թե վարչապետի դիրքորոշումը հետեւյալն է. «Գյուղացին ինքը պետք է որոշի, թե ցանկանում է, արդյոք, համայնքների խոշորացման ծրագրի գործարկումը, թե՝ ոչ»:

Պատասխանելով համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ գյուղացիներին հուզող հարցերին՝ ՏԿԱԻ նախարարը նշել է, որ խոշորացման ծրագրի արդյունքում գյուղերն իրենց անունները չեն փոխելու պարզապես կոչվելու են բնակավայրեր, որոնք ընդգրկված են մեկ համայնքում, համայնքը ունենակու է մեկ ղեկավար, սակայն գյուղապետերը նույնպես շարունակելու են աշխատել իրենց գյուղերի համար, իսկ համայնքներին հատկացվող բյուջեն որեւէ կերպ չի կրճատվելու, ավելին՝ այն միտված է լինելու ավելացմանը:

Սյունիքի մարզում համայնքերի խոշորացման պիլոտային ծրագրին մասնակցում է 8 համայնք՝ Հարժիս, Շինուհայր, Խոտ, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Քաշունի եւ Հալիձոր, ընդհանուր համայնքը կոչվելու է Տաթեւ, կենտրոնը լինելու է Շինուհայր բնակավայրը:

Նշենք, որ այսօր ՏԿԱԻ նախարարն այցելելու է նաեւ Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Քաշունի եւ Հալիձոր համայնքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ