Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից երկու տարի է անցել, սակայն դեպքը բացահայտված չէ:
NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը նշեց, որ իրենք որեւէ տվյալի չեն տիրապետում:
«Նախաքննությունը չի կասեցվել: Ես շարունակում եմ պնդել, որ նախաքննական մարմինը բավարար ջանասիրություն չի ցուցաբերում դեպքի բացահայտման ուղղությամբ»,- ասաց փաստաբանը:
Հրաչ Մուրադյանի կինը՝ Լարիսա Մուրադյանն էլ մեզ զրույցում հայտնեց, որ ապրիլի 1-ի երեկոյան մոմավառություն է լինելու գյուղում:
Նշենք, որ այս գործով դեպքից օրեր անց կալանավորվել էր նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որին սակայն 2013թ.-ի վերջին ազատ էին արձակել: Առ այսօր Արայիկ Պետրոսյանը մեղադրյալի կարգավիճակում է, թեեւ որեւէ քննչական գործողություն չի արվում:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները նշում են, որ սպանության իրական մեղավորը ազատության մեջ է եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին։