News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ից 30-ը աշխատանքային այցով Լեհաստանում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Մարտի 28-ին տեղի ունեցավ աշխատանքային ճաշ Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Մալգոժատա Օմիլանովսկայի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ, որին ներկա էր նաեւ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Քննարկվեց Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային ոլորտում համագործակցության հարցերի լայն շրջանակ: Նույն օրը երկու պետությունների մշակութային գերատեսչությունների ղեկավարները Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի համերգասրահում ներկա գտնվեցին Լյուդվիգ վան Բեթհովեն 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կազմակերպված Հայաստանի «ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախմբի համերգին, որն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Համերգին ներկա էին լեհ ականավոր կոմպոզիտոր եւ խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին, որի մի քանի ստեղծագործություններ հնչեցին համերգի ընթացքում, ինչպես նաեւ դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Մարտի 29-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հանդիպումը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնրադ Պավլիկի հետ, որին մասնակցում էր նաեւ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Կոնրադ Պավլիկը հատկապես կարեւորեց մշակույթի ոլորտում համագործակցության մեծ դերը, որը հիմնվում է երկու ժողովուրդների մշակութային ընդհանրությունների վրա: Փոխնախարարն առանձնացրեց մի շարք մշակութային միջոցառումներ, որոնք հաջողությամբ իրականացվել են նախորդ տարիներին եւ դրական ազդեցություն են թողել երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման վրա:

Փոխնախարարը կարեւորեց Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցությունը՝ նշելով Լեհաստանի հատուկ շահագրգռվածությունն իբրեւ այդ գործընթացի նախաձեռնության համահեղինակի:

Նախարար Պողոսյանը ներկայացրեց Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարի հետ ունեցած իր հանդիպման արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին Լեհաստանի կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում 2015–2018թթ. համագործակցության մասին գործնական ծրագրի ստորագրման վերաբերյալ Մտադրությունների մասին հայտարարությունը եւ նախաստորագրեցին Լեհաստանի կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում 2015-2018թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը:

Մարտի 29-ին Վարշավայի Ազգային Ֆիլհարմոնիայի համերգասրահում «Լյուդվիգ վան Բեթհովեն» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Վարշավայի Ազգային ֆիլարմոնիայի նվագախմբի համերգը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգին ներկա էին Հասմիկ Պողոսյանը, Էդգար Ղազարյանը, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցը, Լեհաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավար Յացեկ Միխալովսկին, լեհ պաշտոնյաներ, դիվանագետներ, մշակութային եւ քաղաքական գործիչներ: Համերգն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ եւ Իսպանիայի դեսպանությունների հովանու ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ