ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, թե ինչ պայմաններում են պահվում Ադրբեջանի դատապարտյալ քաղաքացիները:
Հայտարարությունում ասվում է.
«2015 թվականի մարտի 31-ին ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ, մարդու իրավունքների եւ աշխարհի բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը եւ ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը այցելեցին ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում պահվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին եւ Շախբազ Գուլիեվին՝ դատապարտված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու սպանության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառի շրջանում դիվերսիոն-հետախուզական գործունեության համար:
Այցելության նպատակը Ադրբեջանի Հանրապետության դատապարտված քաղաքացիներին պահելու պայմաններին ծանոթանալն էր:
Այցելության ժամանակ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավապաշտպաններին տրամադրվել էր հնարավորություն՝ ծանոթանալու Ադրբեջանի քաղաքացիներին պահելու պայմաններին. Ուսումնասիրվել են մեկուսարանները, սանիտար-հիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական սպասարկումը, ինչպես նաեւ լրատվական նյութերի եւ գրականության տրամադրումը:
Դատապարտյալներից յուրաքանչյուրի հետ առանձին մենք զրուցեցինք մոտ 3 ժամ, որի ընթացքում նրանք գոհունակություն հայտնեցին իրենց պայմանների մասին:
Ուսումնասիրման արդյունքում կարելի է հավաստել, որ դատապարտյալներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի պայմանները լրիվությամբ համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին, եւ, որ ԼՂՀ իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտալ որեւէ նորմի խախտում»: