News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2 տարի առաջ գյուղապետարանի մոտ սպանված՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի կինը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Լարիսա Աղաբեկյանի նամակում ասվում է. «Երկու տարի առաջ դավադրաբար սպանվեց իմ ամուսինը՝ Հրաչ Մուրադյանը: Այս սուգը մեր ընտանիքինն է ու մենք այն ոչ մեկի վզին չենք ուզում փաթաթել: Ես, մեր զավակներն ու մեր մեծ, համերաշխ գերդաստանը փորձում ենք ապրել առանց Հրաչի, որովհետեւ նա մեզ ամբողջ կյանքում սովորեցրեց այդպես ապրել: Նա անձնական, ընտանեկան, նյութական կարիքների համար ժամանակ չուներ:

Այո՛, սուգը մերն է, իսկ կորուստը միայն մերը չէ, քանի որ նա միայն մերը չի եղել: Հրաչը պատերազմից հետո էլ զբաղված էր կյանքով մեկ հայրենի երկրին ծառայելով ու դեռ երկար պիտի ծառայեր Հայաստանի կայացման եւ զարգացման գործին: Ազատամարտի ընթացքում իր զոհված հերոս ընկերների կիսատ թողած գործը շարունակող Հրաչ Մուրադյանը հետպատերազմական ճգնաժամ ապրող մեր երկրում ազնիվ տեսակի մարմնացում էր, ով իր ղեկավարած փոքրիկ օղակում կարողացավ ապացուցել, որ հանցավոր գործելակերպի դեմ պատերազմը նույնպես անկոտրում կամք է պահանջում, որտեղ զենքը սրտացավությունն է, աննկուն կամքը, ազնվությունն ու անկաշառությունը:

Պարոն նախագահ, Հրաչ Մուրադյանը սխալվեց միայն մեկ հարցում. նա չփնտրեց ներքին թշնամուն: Մինչդեռ իր ինքնուրույն ու հստակ կեցվածքով չընդունվեց համակարգի կողմից, ու զոհ գնաց հանցավոր մեքենային, քանի որ անկոտրում էր ու անդավաճան իր էությանը: Դա կանխամտածված ու ծրագրված սպանություն էր, որի մասին են վկայում սպանությանը նախորդած հանցագործությունները՝ հարձակումները, մահափորձը: Այն ժամանակ չբացահայտվեցին այդ հանցագործությունները եւ անպատժելիությունն ի վերջո հանգեցրեց Հրաչի սպանությանը:

Այսօր էլ, երկու տարի անց չի բացահայտվում սպանության գործը: Պարոն նախագահ, սա մարտահրավեր է ոչ միայն մեր ընտանիքի տոկունությանը, մեր ազգային անվտանգությանը, Հրաչի ընկերների, նրա գործին հավատացողների, պռոշյանցիների ու ամբողջ հասարակության  ՀՀ արդարադատության հանդեպ վստահությանը, սա մարտահրավեր է նաեւ Ձեզ:

Ի վերջո ե՞րբ պետք է ստանանք հարցի պատասխանը, թե մեր երկրում հերոսին, պետական մտածելակերպ ունեցող ղեկավարին ո՞վ եւ ինչո՞ւ է սպանում եւ ե՞րբ է բացահայտվելու սպանությունը, վերականգնվելու արդարադատությունը եւ ե՞րբ պետք է վերանա այս անվսահության եւ անպատժելության մթնոլորտը»:

Նշենք, որ այս գործով դեպքից օրեր անց կալանավորվել էր նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որին սակայն 2013թ.-ի վերջին ազատ էին արձակել: Առ այսօր Արայիկ Պետրոսյանը մեղադրյալի կարգավիճակում է, թեեւ որեւէ քննչական գործողություն չի արվում:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները նշում են, որ սպանության իրական մեղավորը ազատության մեջ է եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին։

Տպել
Ամենաշատ