News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ազգն արհեստական է, 1936 թվականին խորհրդային իշխանությունների կողմից ձեւավորվել է՝ ելնելով աշխարհաքաղաքական նկատառումներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով, այսպես կոչված, «Ադրբեջանցիների ցեղասպանության օրվա՝ մարտի 31-ի» առիթով «Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքի» հայտարարությունը:

Նրա խոսքով, փաստ է, որ ադրբեջանական ազգն արհեստական է. այդ մասին են խոսում նույնիսկ ադրբեջանական աղբյուրները: «Կովկասում ստեղծված Ադրբեջանը ոչ մի կապ չունի պատմական Ադրբեջանի հետ: Պատմական Ադրբեջանն Իրանի հնագույն տարածք է եղել: 1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման հետեւանքով, երբ Անդրկովկասում երեք պետություններ ձեւավորվեցին, երրորդն առաջին մի քանի օրերին ոչ թե Ադրբեջան, այլ «Արեւելյան Անդրկովկասի մուսուլմանական ժողովրդավարական հանրապետություն» էր կոչվում»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, պետությունը հարկադրաբար Ադրբեջան կոչեցին, որպեսզի Իրանական Ադրբեջանից պահանջներ ունենան, կուլ տան Իրանը, գրավեն ամբողջ Կովկասը, մտնեն Կենտրոնական Ասիա եւ պանթուրքական պետություն ստեղծեն: «Գաղափարն այդ էր: Այդ պատճառով Իրանը չի ճանաչում «Ադրբեջան» անվանումը»,- ասաց Բաբայանը:

Մինչեւ 1936 թվականը, ըստ նրա, բոլոր գրառումներում այդ պետության ժողովուրդներին կոչում էին «Խորհրդային Ադրբեջանի թուրքեր», «թալիշներ», «լեզգիններ», «հայեր»: «Երբ Հիտլերը Գերմանիայում իշխանության եկավ, պարզ դարձավ, որ Երկրորդ աշխարհամարտն անխուսափելի է, այդ պատճառով Խորհրդային միությունն ադրբեջանական ազգ ստեղծեց, որպեսզի 1918 թվականի իրադարձությունները չկրկնվեն, եւ Թուրքիան չնվաճի այդ Ադրբեջանը: Որոշեցին արհեստական ժողովուրդ ստեղծել, եւ մինչեւ հիմա այն վերջնականապես կազմավորված չէ. լեզգինները, թալիշները, ավարներն իրենց այդ ազգի մաս չեն համարում»,- փաստեց Դավիթ Բաբայանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ երբ այդ Ադրբեջանը 1991-92թ.թ. անկախություն ձեռք բերեց, սկսեց ինչ-որ կերպ ավելացնել իր «պատմությունը»՝ դրանում նաեւ, այսպես կոչված, «ադրբեջանցիների ցեղասպանություն» ավելացնելով: «Ի՞նչ ցեղասպանության մասին է խոսքը, եթե 1918 թվականին ադրբեջանցիներ չկային: Միայն 1936 թվականին է այդ եզրույթը շրջանառության մեջ դրվել: Այդ պատճառով այդ արհեստական տարրերը սկսեցին հակահայ քաղաքականություն վարել՝ դրան նաեւ առասպելներ ավելացնելով: Բայց, ցավոք, նման քաղաքականությունն այդ ժողովրդին պարզապես մոլեռանդ է դարձնում»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ