News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2014թ. հարկաբյուջետային քաղաքականության նպատակը շարունակել է մնալ մակրոտնտեսական կայունության պահպանումը, հատկապես կարեւորելով տնտեսական աճի խթանման քաղաքականությունը: Նախարարի խոսքով՝ նախորդ տարի սահուն եւ առանց խնդիրների կատարվել է պետական բյուջեի ծախսային մասը: Դրամավարկային քաղաքականությունը տարվա ընթացքում ուղղված է եղել դրամավարկային պայմանների թուլացմանը՝ նպաստելով համախառն պահանջարկի ընդլայնմանը եւ գնաճի ցածր տեմպի վերականգնմանը: 2014թ.-ին նշված տնտեսական զարգացումների ներքո բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների) կազմել են 1 տրիլիոն 137,1 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով` 6.6 տոկոսով: 2014թ. հավաքագրվել է 1064,2 մլրդ դրամ եկամուտ, որից հարկային եկամուտները կազմել են շուրջ 700 մլրդ դրամ: 2014թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների) կազմել են 1,168.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 14 տոկոսով: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի) 2014թ. արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 0.7 տոկոսը` նախորդ տարվա 1 տոկոս հավելուրդի դիմաց: Կազմվել եւ հաստատվել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը:

Գագիկ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակում մշակվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Շարունակվել են աշխատանքները բյուջետային հաշվարկների հիմքում դրվող տեղեկատվական բազաների ընդլայնման, ինչպես նաեւ դրանցում տվյալների էլեկտրոնային եղանակով հավաքագրման եւ ամփոփման նոր ծրագրային համակարգեր ներդնելու ուղղությամբ:

ՓՄՁ սուբյեկտների համար հարկման առավել նպաստավոր միջավայրի ստեղծման նպատակով` ընդունվել են առեւտրական գործունեությամբ զբաղվող ՓՄՁ սուբյեկտների հարկային բեռը նվազեցնելուն, ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտներին հարկերից ազատելուն ուղղված օրենքները: Ստվերային շրջանառությունների բացահայտմանն ու կրճատմանն ուղղված աշխատանքների շրջանակներում` ընդունվել են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ընդլայնմանն ուղղված օրենքները: Գործարար միջավայրի բարելավման եւ երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն ազատվել են հարկերից, վերացվել է ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծությունը, հնարավորություն է ընձեռնվել բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարները հետ վերադարձնել վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարների չափով: Իրականացվել է բյուջետային վարկերի տրամադրում, վերջիններիս, ինչպես նաեւ նախկինում տրամադրվածների մասով ընթացիկ եւ ժամկետանց պարտավորությունների մոնիթորինգ:

Տնտեսության տարբեր ոլորտներում գործարքների համատարած փաստաթղթավորման ապահովման ու ստվերային շրջանառությունների կրճատման նպատակով հարկ վճարողների մոտ արձանագրվել են շրջանառությունների, գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման դեպքեր: Ընդհանուր առմամբ, 2014 թ. երկրորդ կիսամյակում իրականացրած աշխատանքների եւ ստվերի կրճատման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել լրացուցիչ 16 մլրդ դրամ:

Ներկայացնելով գանձապետական համակարգի գործունեությունը՝ նախարարը զեկուցել է, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման ընթացքում ծախսերի ֆինանսավորման գործընթացն իրականացվել է սահուն եւ հարթ, ինչը հնարավորություն է տվել հաշվետու ժամանակահատվածում չկուտակել բյուջետային պարտքեր: Ընդլայնվել է Կենտրոնական գանձապետարանում ներդրված հաշիվների էլեկտրոնային կառավարման «Client-Treasury» համակարգը:

Մշակվել եւ ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման նոր խմբագրությամբ մշակված կարգը, որով կանոնակարգվում են գնումների ոլորտում արձանագրված մի շարք հիմնական խնդիրներ:

2014թ. աշխատանքներ են տարվել էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, «Հարկատու 3» համակարգը լրացվել է 5 նոր մոդուլներով եւ 18 նոր հաշվետվական ձեւերով: «Նոր սերնդի ՀԴՄ-ների» համակարգը ինտեգրվել է այլ համակարգերի հետ, ինչի արդյունքում հարկ վճարողները հնարավորություն են ստացել հարկային հաշիվներ դուրս գրել անմիջապես ՀԴՄ-ի միջոցով: Ներդրվել է օտարերկրյա քաղաքացիներին ԱԱՀ-ի վերադարձի «Tax Free» ավտոմատացված ենթահամակարգ:

Օպերատիվ հետախուզական գործունեության ուղղությամբ 2014թ.-ի ընթացքում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 711 ստուգում եւ հայտնաբերվել բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 12.8 մլրդ դրամ: Հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու 346 դեպք, կազմվել 107.2 մլն դրամի վարչական ակտ:

2014թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գծով նախորդ տարվա ընթացքում ստացվել է 190 հազար հեռախոսազանգ: Նախարարությունը նշված ժամանակահատվածում ստացել է նաեւ 131 հազար 762 գրություն, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվել: Դրանցից 7790-ը եղել են ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից տրված հանձնարարականներ, որոնք կատարվել են ամբողջությամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ֆինանսների նախարարության 2015 թվականի գործունեությանը, հիմնախնդիրներին ու գերակայություններին: Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է գերատեսչության կողմից հարկաբյուջետային քաղաքականության զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ստվերի կրճատման ուղղությամբ շարունակական քայլերի եւ ծրագրերի, ինչպես նաեւ հարկային ու մաքսային բնագավառներում հետագա բարեփոխումների իրականացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման  ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
Ամենաշատ