News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Akunq.net-ի թարգմանությամբ ներկայացանում ենք Haber10-ի հրապարակումը Թուրքիայի հայ երիտասարդների հետ զրույցից։ Առաջին մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։

Ռուսթեմ Բաքըրջըօղլու, 33 տարեկան

Ընտանիքս Ադըյամանում` Գերգերում է ապրում: Ծնողներս դեռ մզկիթ են գնում: Նրանք կապեր ունեն անգամ շրջանում ամենահայտնի կրոնական խմբի` Մենզիլի հետ: Անշուշտ բոլորն ամեն ինչ գիտեն: Ես, օրինակ, 12-13 տարեկան էի, երբ դպրոցում իմացա, որ հայ եմ: Քանի որ գյուղում դպրոց չկա, գիշերօթիկ դպրոցում եմ սովորել: Մի ընկեր վեճի ժամանակ ինձ «գյավուր» անվանեց, ես էլ անձնագիրս հանեցի ու ասացի. «Նայի՛ր, անձնագրում էլ է իսլամ գրվում»:

Բոլորը գիտեն, որ հայ ենք: Լավ, պետությո՞ւնը

Անձնագրերում իսլամ ձևակերպումը հայրս դեռ չի փոխել: Քանի որ պետական պաշտոնական վարչություններում լուրջ դժվարություններ կարող է ունենալ: Եթե անգամ պետության սահմանադրության մեջ առանց կրոնի, լեզվի, ռասայի խտրականության գրվեն, որ մեր բոլոր հայրենակիցները հավասար են, ոչ թուրքերը միշտ մի քայլ հետ են: Օրինակ` հորեղբայրս 25 տարի է, ինչ պետական պաշտոնյա է: Թեև լավ տիրապետում է իր գործին և ցանկանում է աշխատել դատավորների ու դատապաշտպանների հետ, այնուհանդերձ դեռ չի կարողացել իրականացնել այն, որ տնօրեն նշանակվի: Նորից հորեղբորս որդին, ով սովորել է իրավագիտության բաժնում և ավարտել լավ գնահատականներով, դատավորների-իրավապաշտպանների քննությունից էլ բարձր միավորներ է ստացել, սակայն դատավոր կամ իրավապաշտպան չկարողացավ դառնալ: Այսինքն` թեև անձնագրում իսլամ է գրված` այնուհանդերձ քեզ արժանի դիրքին չես կարողանում հասնել: Թեև դարեր է, ինչ այս երկրի քաղաքացի ես, բայց այս երկրում քո իրավունքը չես կարողանում ձեռք բերել:

Երբ գրանցումը նորացնելու համար գնացել էի Ազգաբնակչության վարչություն, թեև իմ թղթապանակում իսլամ էր գրված, վարչության պաշտոնյան հարցրեց` «Գրե՞մ քրիստոնյա»: Ասել է թե՝ սրանք պետության կողմից գրանցվում են և հայտնի են: Սակայն երբ ուզում ես հայկական դպրոց գրանցվել, պետությունը նորից մերժում է դիմումդ՝ ասելով` «Դու հայ չես»:

Օրինակ` մենք մի դատական հայց ունենք, որ մեր գյուղում մեր հողերի հետ կապված դատավորների և իրավաշապտպանի պատճառով արդեն 26 տարի է տևում: Ի սկզբանե պապիկիս պատկանած հողերը շահագործելու համար հողագործների էինք տվել, որոնք որոշ ժամանակ անց սկսեցին պնդել, որ այդ հողերն իրենց են պատկանում, և հայց բացվեց: Թեև հայտնի է, որ մենք իրավացի ենք, հայցը լուծում չստացավ: Եվրամիության գործընթացն ու ազգային փոքրամասնություններին պետության տված որոշ իրավունքների արդյունքում միայն հայցը կարողացավ հանգուցալուծման հասնել: Բացի այդ այս պրոցեսում մենք նաև կորուստներ ունեցանք: Եվ դատարանն այդ հողերի համար վճռեց` «Կրկին հայց չի կարող ներկայացվել»:

ՆՐԱ ԳԼԽՈՒՄ ՀԱՅԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԳՈՒՑԵ «ՄԱՐԴԿԱՅԻՆ» ՆԿԱՐԱԳԻՐ ՉԷՐ

Ստամբուլում հայ եմ, լավ, իսկ Անատոլիայո՞ւմ

Ես և՛ թուրք, և՛ քուրդ ընկերներ ունեմ: Նրանք այնպիսի մարդիկ են, որ որոշ բաներ գիտակցում են: Մեր մուսուլման այն բարեկամներն էին, որ սկզբում մեզ արհամարհում էին:

Մի հասարակության մեջ երբ ասում ես «ես հայ եմ», անմիջապես հարցնում են` «Որտեղի՞ց ես: Որտեղի՞ց ես գալիս»: Երբ ասում եմ՝ «Ադըյամանից եմ», հարցնում են, իսկ Ադըյաման որտեղի՞ց եմ եկել: Եղբա՛յր, ըստ էության ես ամբողջ պատմության ընթացքում այստեղ էի:

Հունաստանում եմ համալսարանում սովորել: Հունաստանի և Թուրքիայի միջև ազատ դիվանագիտական հարաբերություններն ազդում էին նաև հասարակության վրա: Երբ նախարարներից կամ քաղաքական գործիչներից մեկը Թուրքիայի առնչությամբ դրական հայտարարություն էր անում, դպրոցում անմիջապես «մենք բոլորս եղբայրներ ենք» մթնոլորտն էր տիրում: Երբ նույն կերպ քաղաքական գործիչները բացասական հայտարարություն էին անում, և քանի որ ինձ դիտարկում էին ոչ թե որպես հայ, այլ որպես թուրք, իրենց դժգոհությունն էին արտահայտում՝ ասելով` «Ըստ էության Թուրքիայի հետ նման խնդիրներ միշտ ենք ունեցել»:

Հունաստանում սովորելու տարիներին Ադըյամանից մի քուրդ ընկեր ունեի: Նրան չէի ասել, որ հայ եմ, ասելու անհրաժեշտություն էլ չէի զգացել: Երբ լսել էր, որ հայ եմ, չէր կարողացել հավատալ, քանի որ իր գլխում հայի ընկալումը գուցե մարդկային նկարագրի մեջ չէր:

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ ԹՂԹԻ ՎՐԱ

Բացի այդ՝ «հավատարիմ ազգ» (միլլեթի սադըքա) էինք

Երբ ասվում է, որ հայերը «հավատարիմ ազգ» են եղել, իսկ դասագրքերում ներկայացվում են որպես հետևից հարվածող, դավաճան, սա մեծ ժխտողականություն է: Ճիշտ չէ մի ազգի սեփականությունը դարձնել այն, ինչ տեղի է ունեցել: Ուստի անհրաժեշտ է, որ փոփոխությունն ընթանա պետության հիմքում տեղի ունեցող կարգավորումներին զուգահեռ: Համաձայն ժողովրդի տեսակետի, որ անկասկած ազդվում է քաղաքական լեզվից٫ անհրաժեշտ է, որ պետության մեծերն ասեն` դուք էլ Անատոլիային եք պատկանում:

Այստեղ եմ, քանի որ ցանկացա ապրել անատոլիացի մարդու հետ

Անհրաժեշտ է, որ մեզ համար ճանաչվեն թղթի վրա գրված իրավունքները: Ուրիշ հայրենակիցների համար ճանաչված իրավունքները մեզ նույնպես պետք է տրվեն: Մենք նույնպես բյուրոկրատ, բարձրաստիճան զինվորական կամ ոստիկան դառնալու իրավունք պետք է ունենանք: Հավասարությունը չպետք է թղթի վրա մնա: Արտաքնապես հավասար դարձնելով` հետին պլանում ազգային գրանցամատյաններով քարտարաններ չպետք է ստեղծվեն: Ոչ մեկս հայրենիքը լքել, հեռանալ չի ուզում: Ես, ի դեպ, Եւրոպայում եղել եմ և այնտեղ մնալու հնարավորություն նույնպես ունեցել եմ: Սակայն քանի որ ցանկացա շարունակել ապրել իմ մարդկանց ու ազգիս հետ, վերադարձա և այստեղ եմ:

(շարունակելի)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ