News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գլենդելում հայ վաճառողները դատի են տվել «Ամերիկանա» առեւտրի կենտրոնին, որը երեք հայ երիտասարդների արգելել էր վաճառել ցեղասպանության վերաբերյալ շապիկներ իրենց վարձակալած սեղաններից: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.

«Անցյալ ամիս ես տեղեկացրել էի, որ Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առեւտրի կենտրոնը երեք հայ երիտասարդների արգելել էր վաճառել ցեղասպանության վերաբերյալ շապիկներ իրենց վարձակալած սեղաններից:

Հոդվածս համացանցում տեղադրվելուց եւ առեւտրային կենտրոնի դեմ բողոքի մեծ ալիք առաջացնելուց կարճ ժամանակ անց, «Ամերիկանայի» տնօրինությունը իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Մենք կցանկանայինք ներողություն խնդրել մեր վաճառասեղանը վարձակալող Թինա Չուլջյանից, Ալեքս Կոտագոլյանից եւ Արմին Հարիրիից՝ նրանց կողմից վաճառվող ապրանքների հետ կապված թյուրիմացության համար: Ավելի քան ողջունելի է վարձակալների կողմից խնդրո առարկա հանդիսացող իրենց ապրանքների ցուցադրումը վաճառասեղանների վրա»:

Չնայած «Ամերիկանայի» ներողությունը ողջունելի էր, սակայն հապճեպ տեղադրված գրառումը խեղաթյուրում էր նրա անօրինական որոշումը՝ այն անվանելով «թյուրիմացություն»: Տարօրինակ է, որ առեւտրային կենտրոնը նեղություն չէր քաշել վարձակալներին տեղեկացնելու, որ ցեղասպանության վերաբերյալ հագուստի վաճառքի արգելքը հանված է:

Մերժելով այս կիսատ-պռատ ներողությունը, մի քանի հարյուր զայրացած հայեր բողոքի ցույց կազմակերպեցին «Ամերիկանայի» առջեւ՝ երեք հայ վարձակալների հանդեպ նրա անընդունելի արարքի համար: «Գլենդել նյուզ փրեսը» լուսաբանեց բողոքի ցույցը եւ տարաձայնությունը երեք հոդվածների շարքով, որոնք հաջորդեցին այս թեմայով իմ սկզբնական հոդվածին:

Ապշեցուցիչ է, որ Գլենդելի խոշորագույն ընկերությունը կարող է այսպես անհոգորեն վարվել իր մեծ թվով հայ հաճախորդների՝ քաղաքի բնակչության գրեթե կեսի հետ, որտեղ քաղաքային խորհրդի հինգ անդամներից երկուսը, այդ թվում քաղաքապետ Զարեհ Սինանյանը, հայ են: Բացի այդ, քաղաքային իշխանությունները «Ամերիկանայի» սեփականատերերին շռայլ դրամական օժանդակություն էին տրամադրել Գլենդելում իրենց բիզնեսը հաստատելու համար:

Քաղաքապետ Սինանյանը շատ կոշտ էր արտահայտվել «Ամերիկանայի» ամբարտավանության վերաբերյալ: Նա ասաց «Նյուզ փրեսին», որ հուսախաբ էր «Ամերիկանայի» տնօրինության «անմիտ հակազդեցությունից», եւ որ առեւտրային կենտրոնի հարաբերությունները հայկական համայնքի հետ «փչացել էին»: Քաղաքապետը նաեւ զարմանք արտահայտեց, որ «Ամերիկանան» կարող էր «այդքան անզգա» լինել իր հաճախորդների մեծ մասի հանդեպ, որոնք հայեր են:

Մարտի 13-ին, երեք վաճառողները՝ Չուլջյանը, Հարիրին (ռեպեր «Ար-Մին») եւ Կոտագոլյանը, իրենց ընկերության՝ «Պենտագոն ռեկորդսի» անունից հայց ներկայացրեցին Լոս Անջելեսի Գերագույն դատարան՝ «Ամերիկանայի», «Կարուզո հոլդինգսի» եւ մի քանի այլ անանուն ամբաստանյալների դեմ՝ նրանց մեղադրելով հինգ տարբեր խախտումների մեջ.

1. Համաձայն ԱՄՆ օրենքների ժողովածուի (42, բաժին 1983) սահմանադրական եւ քաղաքացիական իրավունքների՝ ԱՄՆ Սահմանադրության առաջին բարեփոխությամբ պաշտպանվող խոսքի ազատության իրավունքի խախտում.

2. Համաձայն ԱՄՆ օրենքների ժողովածուի (42, բաժին 1985(3)) սահմանադրական եւ քաղաքացիական իրավունքների ՝ խտրական դավադրությամբ զբաղվելը՝  հայցվորներին օրենքի հավասար պաշտպանությունից զրկելու նպատակով.

3. Անրուի անվամբ կոչվող քաղաքացիական իրավունքների ակտի Քաղաքացիական օրենսգրքի 51-52-րդ բաժինների խախտում՝ հայցվորների ամբողջական եւ հավասար հնարավորությունների, առավելությունների, արտոնությունների եւ ծառայությունների մերժում իրենց հայկական ծագման պատճառով, եւ ամբաստանյալների խտրական, կամայական եւ անխոհեմ վարքի դրսեւորում առանց որեւէ օրինական բիզնես շահի.

4. Կալիֆորնիայի բիզնեսի եւ մասնագիտությունների օրենսգրքի  բաժին 17200-ի խախտում՝ ամբաստանյալները հայցվորների նկատմամբ ցուցաբերել են անարդարացիորեն խտրական վերաբերմունք եւ զբաղվել են հակաօրինական գործարարությամբ.

5. Պայմանագրի խախտում՝ «Ամերիկանան» խախտել է համաձայնագիրը՝ թույլ չտալով երեք առեւտրականներին վաճառել Shop1915.com կայքին առնչվող ապրանքները, ներառյալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապրանքներ:

Հայ վաճառողները խնդրեցին, որպեսզի դատարանը ընդհանուր, պատժիչ եւ եռակի վնասի փոխհատուցում նշանակի «Ամերիկանայի» վրա: Հայցվորների փաստաբան Ռիչարդ Ֆոսթերը հայտարարեց, որ նա դատական հայց էր ներկայացրել «ամբաստանյալների խայտառակ վարքագծի պատճառով… որը նողկալի եւ անհարգալից է ոչ միայն իմ հաճախորդների, այլեւ հայկական համայնքի համար, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակից ընդամենը մի քանի շաբաթ առաջ »: Ֆոսթերը հավելեց, որ «ամբաստանյալները պետական զգալի օժանդակության շահառուներ են, եւ որպես այդպիսին, պետք է ձեռնպահ մնան նման խտրական վարքագծից»:

Միայն հայ վարձակալների կողմից  դատական հայց ներկայացնելուց հետո է, որ «Ամերիկանան» նրանց նամակ է հղել՝ տեղեկացնելով, որ այժմ նրանց «թույլատրվում է ցուցադրել եւ վաճառել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապրանքները»:

Հայ համայնքը եւ Գլենդելի բոլոր բնակիչները, որոնք մտահոգված են քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, պետք է «Ամերկանայի» սեփականատերերին հասկացնեն, որ իրենք չեն հանդուրժի նման անօրինական եւ խտրական վերաբերմունք մի ընկերության կողմից, որը հանրային միջոցների շահառու է եւ վաճառքի հասույթի մեծ մասը ստանում է հայ հաճախորդներից:

Եթե «Ամերիկանան» հրաժարվի ուղղել իր կեցվածքը եւ չկարողանա վստահեցնել համայնքի ղեկավարներին, որ այլեւս նման սխալ վերաբերմունք չի ունենա, ապա Գլենդելի բնակիչները պետք է բոյկոտեն առեւտրային կենտրոնը, շարունակեն իրենց բողոքի ցույցերը եւ կոչ անեն քաղաքային խորհրդին վճռական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ վերացնել նախկինում հատկացված ֆինանսական օժանդակությունը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ