News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ տաքսու վարորդները մի ամսով դադարեցնում են իրենց բողոք-ակցիաները լիցենզավորման նոր կարգի դեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողներին ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Դադարեցնում ենք մեր ակցիաները մինչև մայիսի 1-ը, մեզ տրանսպորտի նախարարությունից խնդրել են, որպեսզի ապրիլ ամսին բողոք-ակցիաներ չիրականացնենք, քանի որ բազմաթիվ հյուրեր ենք ունենալու մայրաքաղաքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Տիգրան Հովհաննսիայնը նշեց, որ մարտի 15-ին՝ տաքսու վարորդների ցույցից անմիջապես հետո, վարորդների նկատմամբ ստուգայցեր են սկսվել։

«Այդ օրից սկսած մեր նկատմամբ 50.000-ից ավելի տուգանքներ են կիրառել, տուգանքի չափն էլ աֆեկտի տակ են որոշում: Մենք մայիսի 1-ին կրկին դուրս ենք գալու և պահանջելու ենք, որպեսզի Տրանսպորտի և կապի նախարարությունը մեր ներկայացրած կետերը բավարարի: Մեր պահանջները գնալով շատանում ենք, քանի որ նրանք անգամ տաքսիների վրայի գովազդի համար ենք մեզ 30.000 դրամով տուգանում»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

«Անհատ տաքսու վարորդների» ՀԿ նախագահ Արսեն Պետրոսյանը ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը կոչ արեց դադարեցնել տաքսու վարորդների նկատմամբ մեծ չափի տուգանքների կիրառումը:

«Մենք ունենք 50 տաքսու վարորդներ, որոնց 50.000-ական դրամով արդեն տուգանել են: Կառավարությանը հորդորում ենք մեկ ամսվա մեջ հաշվի առնել մեր ներկայացրած առաջարկություններն ու կետերը և լուծում տալ դրանց: Մինչև այսօր ոչ մի գործնական քայլ չեն կատարել և դրա արդյուքնում վերջում կոտրած տաշտակի առջև ենք հայտնվելու»,-ասաց Պետրոսյանը:

Նշենք, որ տաքսիների լիցենզավորման նոր կարգի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից մասնավոր տաքսիների դեղին համարանիշերը կրկին փոխվել են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար ամսական առավելագույն վճար է սահմանվել 12 հազար դրամը (ամենաթանկը Երեւան քաղաքում է), որի մեջ ներառված են պետական հարկերը, եւ լիցենզիայի տուրքը:

Տպել
Ամենաշատ