Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Էդգար Մարտիրոսյանի եւ Սարգիս Գաբրիելյանի վիճակը լավ է, սակայն դուրս գրման մասին խոսելը վաղ է: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Սպա Սարգիս Գաբրիելյանի համար առաջիկա օրերին պրոթեզավորման մասնագետ կհրավիրենք, որը կծանոթանա խնդրին եւ կսկսենք պրոթեզավորման գործընթացը»,- ասաց հոսպիտալի պետը՝ նշելով, որ չի բացառվում՝ զինծառայողները բուժում ստանալուց հետո անցնեն ծառայության:
Նշենք, որ Երեւան տեղափոխված զինծառայողներից Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցող հրազենային վիրավորում ունի հաստ եւ բարակ աղիների վնասումով, իսկ սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա եւ բազմաթիվ բեկորային վիրավորումներ:
Ինչ վերաբերվում է Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող Գոռ Դարմանյանին, ապա նրա վիճակի մեջ դրական փոփոխություն կա:
«Մոտակա 3-4 օրերին կորոշվի Գոռին Երեւան տեղափոխելու հարցը»,- ավելացրեց Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ Գոռ Դարմանյանի մոտ առկա է ոտքի ամպուտացիա:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է: