News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բանաստեղծ Արմեն Շեկոյանի մանկական բանաստեղծությունների ժողովածուն` «Ճանապարհորդ արեւը», ժամանակակից հայ գրականության մեջ այն պահանջված գրքերից է, որը շատ բան ունի տալու մանուկներին ու մեծահասակներին: Այս մասին այսօր` ապրիլի 1-ին, Խնկո-ապոր ազգային մանկական գրադարանում Արմեն Շեկոյանի «Ճանապարհորդ արեւը» գրքի շնորհանդեսին, NEWS.am-ին ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Ուրախալի է, որ ժամանակակից գրականության մեջ կա Արմեն Շեկոյանի նման գրող: Շատերը կարծում են, որ Հովհաննես Թումանյանից հետո մանկագիր չունենք, սակայն Արմեն Շեկոյանի բանաստեղծություններն այսօր այլ բան են ասում, մեր երեխաները դրանք հաճույքով  կարդում և սովորում են»,- ասաց Միլիտոնյանը:

Արմեն Շեկոյանը նշեց, որ իր «Ճանապարհորդ արեւը» գրքում, տեղ են գտել իր գրած  լավագույն մանկական բանաստեղծությունները. «Նայելով երեխաների ժպտացող դեմքերին, ես  հասկացա, որ ինչ գրել եմ, անհրաժեշտ էր մանուկներին: Ես ավելի կարևոր դեր ունեմ մանկագրության մեջ, քան ինձ վերագրվում է: Աշխատել եմ «Ծիծեռնակ» ամսագրում Երվանդ Պետրոսյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Անուշ Վարդանյանի հետ, և այդ տարիներին մենք  շատ գրողների  ենք համոզել` գրել մանուկների համար, քանի որ մենք մանկագիրներ չունեինք»,-նշեց Շեկոյանը:

«Ճանապարհորդ արեւը» գրքի շնորհանդեսին ներկա բանաստեղծ Երվանդ Պետրոսյանի խոսքով` Արմեն Շեկոյանի նման բանաստեղծներն այսօր շատ բան ունեն ասելու հանրությանը:

«Արմենն ու իր բանաստեղծություններն այսօր արժանացան մեծ գնահատականի և երեխաների, և մեծերի կողմից: Անհամբերությամբ սպասում ենք Արմենի նոր ստեղծագործություններին»,-ասաց Պետրոսյանը:

Տպել
Ամենաշատ