Բրյուսելում մարտի 31-ին կայացած Արեւելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ եւ գործընկեր երկրների մոտեցումներն ու ակնկալիքներն Արեւելյան գործընկերության արտաքին գործերի նախարարական հանդիպմանը եւ գագաթնաժողովին ընդառաջ:
Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է ԵՄ աջակցությամբ ընթացող բարեփոխումների գործընթացները խորացնելու, ԵՄ հետ քաղաքական, տնտեսական երկխոսությունը եւ ոլորտային համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը:
Կարեն Նազարյանը ներկայացրել է ԵՄ հետ իրավական նոր փաստաթղթի շուրջ անցյալ տարեվերջից մեկնարկած մտքերի փոխանակման արդյունքները: Նա կարեւորել է Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացն՝ ընդգծելով համաեվրոպական արժեքներին հավատարմության եւ բարեփոխումներում գրանցած առաջընթացի հիման վրա տարբերակված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: