News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Ղրիմի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանի հետ հարցազրույցը:

Պատմե՛ք, խնդրում եմ, համայնքի կյանքի, բնակչության թվի մասին:

Հայ համայնքը ռուսներից, ուկրաինացիներից եւ ղրիմի թաթարներից հետո մեծությամբ չորրորդն է Ղրիմում։ Պաշտոնական տվյալներով, Ղրիմում 15 հազար հայ է բնակվում։ Կարծում եմ՝ նույնքան էլ ոչ պաշտոնական տվյալներով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո ձեռք բերած կարգավիճակին, ապա մենք ամբողջությամբ օրինական ենք գործում ռուսական օրենսդրական դաշտում։ Ըստ այդ օրենսդրության, ստեղծվել է ազգային-մշակութային ինքնավարություն։ Ավելին՝ օրենքը հնարավորություն է տալիս շրջանային ազգային-մշակութային ինքնավարությունների միջեւ համակարգող կենտրոններ ստեղծել։ Մենք ցանկանում ենք միջշրջանային համակարգող կենտրոն ստեղծել, որը կընդգրկի Ղրիմը, Ստավրոպոլիեն, Կրասնոդարը, Հյուսիսային Կովկասը։ Բնականաբար, դա շատ կուժեղացնի հայերի դիրքերը, քանի որ տոկոսային հարաբերակցությամբ Ղրիմում հայերի թիվը, ամեն դեպքում, քիչ է։

Ինչպե՞ս են հայերի հայրենադարձության գործերը։

Եթե Ուկրաինայում գործում էր կազմակերպություն, որը կոչվում էր «Ղրիմի հայրենադարձների՝ հայերի, բուլղարների, հույների եւ գերմանացիների միություն», ապա հիմա մենք ստեղծել ենք «Հայ, բուլղար, հույն եւ գերմանացի՝ ճնշման ենթարկվածների իրավունքների պաշտպանություն» կազմակերպություն, որի նախագահը ես եմ։

Ղրիմի թաթարներից բացի, բոլորս միավորվել ենք մեկ կազմակերպության մեջ, որպեսզի փորձենք պաշտպանել մեր իրավունքները։ Պայքարում ենք մեր ազգերի հայրենադարձության համար, քանի որ արտաքսվածների 35 տոկոսը հայեր էին, բուլղարներ, հույներ եւ գերմանացիներ։ Ամենազարմանալին այն է, որ քչերը գիտեն, որ 100 հազարից 60 հազարը գերմանացիներ են եղել։ Այսօր դժվար է խոսել հայրենադարձության մասին, քանի որ 20 տարի շարունակ իրականացվող ծրագրում մենք մասնակցություն չենք ունեցել, զանգվածային հայրենադարձությունը վերաբերում էր միայն Ղրիմի թաթարներին։

Հիմա էականորեն լավացել է ազգային քաղաքականությունը։ Մեր ազգերը լայնորեն ներկայացված են իշխանական որոշ կառույցներում։ Հունական եւ գերմանական համայնքների նախագահները դարձել են Ղրիմի Պետական խորհրդի պատգամավորներ, իսկ ես եւ բուլղարական համայնքի նախագահն ընդգրկվել ենք Հանրային պալատում։ Այսինքն՝ հայտնվել են ոլորտներ, որտեղ կարող ենք բարձրացնել մեր համայնքին հուզող հարցերը։

Մեզ լսում են։ ՌԴ նախագահի հրամանը Ղրիմի վերամիավորումից հետո տուժած ազգերին դասեց նույն շարքին։ Մենք այլեւս չենք կոչվում «եւ այլ ազգեր», այլ հստակ նշված է՝ հայեր, բուլղարներ, հույներ, Ղրիմի թաթարներ, գերմանացներ։ Դա արդարացի է։

Միաժամանակ, կցանկանայի նշել սխալ մոտեցումը, որով փորձում են հակադրել Ղրիմի թաթարների ու մյուս ազգերի հարցը։ Նրանք մեր հարեւաններն են, մեր ընկերները։ Չմեղադրելով Ուկրաինային, ամեն դեպքում, նշեմ, որ Ուկրաինայում գործարկվել էր տարանջատման մեխանիզմը։ Վիճել այն մասին, թե ով է բնիկ ժողովուրդը, անիմաստ է։

Ուկրաինայի իշխանություններն արագ տեմպերով փորձեցին այդ կարգավիճակը կցել Ղրիմի թաթարներին։ Իսկ այդ դեպքում ի՞նչ ասենք հայերի ու հույների մասին։ Այդ հարցի պատասխանը որոնում են միայն նրանք, որոնց պետք է հակամարտությունը, որոնք ուզում են դրա միջոցով փող վաստակել։ Բարեբախտաբար, այդ գործընթացը ժամանակին կանգ առավ։ Երբ կյանքն իր հունով է ընթանում, ոչ ոքի չի հետաքրքրում, թե դու ինչ ազգության ներկայացուցիչ ես։ Երբ ամեն բան վատանում է, մարդիկ սկսում են տարբերակել եւ նախանձել իրար։ Ղրիմը չի կարող լինել ազգամիջյան եւ կրոնական հակամարտությունների գոտի։ Ղրիմի պատմական նշանակությունն ազգերի ծաղկաբույլ լինելն է։

Հայերը Ղրիմից հեռանո՞ւմ են: Նման հոսք կա՞:

Ղրիմից հայերի հոսք չկա: Սա բարեբեր երկրամաս է, իսկ հայերն այստեղ ապրել են դարեր շարունակ: Չի կարելի ասել, որ Ղրիմի բնակչությունը խնդիրներ չունի: Պաշտոնապես հայտարարվել է անցումային շրջանի ավարտի մասին, բայց ճգնաժամն ու երկրի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ: Միաժամանակ ասեմ, որ հանգստավայրերի ու զբոսաշրջության նախարարության խորհրդի անդամ եմ եւ վերջերս ներկայացվել է զբոսաշրջության աճի խթանմանն ուղղված ծրագիրը:

Ինչպե՞ս է Ղրիմը կապ պահպանում արտաքին աշխարհի հետ: Կա՞ն Սիմֆերոպոլ-Երեւան չվերթի վերականգնման հեռանկարներ:

Արտաքին աշխարհի հետ Ղրիմը կապ է հաստատում օդային կամ ծովային ճանապարհով՝ Կերչից դեպի Ռուսաստանի Կավկազ նավահանգիստ: Դեպի Երեւան չվերթը փորձում է վերականգնել «Գռոզնի ավիան», բայց որքան  հասկանում եմ, հարցը կապված է Երեւանի օդանավակայանի հետ: Ղրիմում սեփական ավիաընկերություն ստեղծելու ծրագրեր կան: Չեմ կարող ասել, արդյո՞ք դրանով կլուծվի Հայաստանի հետ օդային կապի հարցը:

Ղրիմի հայ համայնքը միջոցառումներ նախատեսո՞ւմ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վաղուց ենք պատրաստվում: Սիմֆերոպոլում հայկական գերեզմանատանը հուշարձան կար: Համայնքի ուժերով մեր ճարտարապետները վերակառուցման նախագիծ են մշակել: Մոսկվայից մեր ընկերներն օգնեցին տուփի հարցում, Սիմֆերոպոլի ընկերները՝ մնացած շինանյութի, Յալթայի համայնքը՝ ֆինանսներով: Երեւանից էլ տուֆով աշխատող վարպետներ եկան: Ապրիլի 24-ին հուշարձանը կբացենք: Ղիմում ադրբեջանական երկու համայնք կա: Դրանցից մեկը բացարձակ անմիտ դիրքորոշում է զբաղեցնում: Տարօրինակ է, քանի որ ես նրան վաղուց եմ ճանաչում, նորմալ մարդ էր: Երբ դարձավ համայնքի ղեկավար, գլխի հետ ինչ-որ բան պատահեց: Զրպարտանքներ է գրում, պահանջում է դադարեցնել հուշարձանի վերականգնումը: Բարեբախտաբար՝ ապարդյուն: 1990-ական թվականներին Ղրիմի խորհրդարանը ցեղասպանությունը դատապարտող որոշում ընդունեց: Նախնական փաստաթղթում օգտագործվում էր «ցեղասպանություն» բառը, իսկ հետո «շտկվեց»՝ փոխարինվելով «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ողբերգության օր» արտահայտությամբ: Ավանդաբար, Ղրիմի հայ համայնքը երթեր եւ ցույցեր է անցկացնում:

Ղրիմում երեխաները հայերեն սովորելու հնարավորություն ունե՞ն:

Ղրիմում մշտապես կիրակնօրյա դպրոցներ են գործել: Դասագրքերով օգնում է Հայաստանը: Երեխաները կարդում են, գրում:

Համայնքի գոյատեւում է ազգային-մշակութային ինքնավարության ձեւաչափով: Այսինքն՝ գլխավոր կետերից մեկը հոգեւոր վերածնունդն է: Կարծում եմ՝ այդ հարցում մեծ դեր ունեն հոգեւոր հայրերը: Իհարկե, ավագ սերունդը եկեղեցու հանդեպ բարեկամաբար չի տրամադրված: Հավանաբար՝ խորհրդային դաստիարակության արդյունք է: Ղրիմում ավելի քան 50 հայկական եկեղեցի կա, դրանցից գործում են 4-ը կամ 5-ը, իսկ մյուսները կարելի է վերականգնել: Ես առաջարկում եմ եկեղեցիներին կից ազգային-մշակութային կենտրոններ ստեղծել:  

Մենք դուրս ենք եկել Ուկրաինական թեմից եւ պետք է ներառվեք Ռուսականում: Երբ դա տեղի ունենա, նման կենտրոններ ստեղծելու խնդրանքով կդիմենք: Բացի այդ, պատրաստվում ենք դիմել Կաթողիկոսին, որպեսզի մեր հոգեւորականների թիվն ավելացնեն:

Զրուցեց՝ Մարիամ Լեւինան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ