News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի հետ կապված զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում նախատեսված աշխատանքները կազմակերպվել եւ անցկացվել են հավուր պատշաճի: Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ-ծառատունկին ակտիվորեն մասնակցած բոլոր կառույցներին եւ համաքաղաքացիներին:

«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր արձագանքեցին մեր կոչին ու իրենց կարեւոր եւ գնահատված մասնակցությունն ունեցան համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին: Շնորհակալ եմ նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, պետական գերատեսչություններին ու կառույցներին, մասնավոր ընկերություններին եւ հասարակական կազմապերպություններին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր իրենց ակտիվ ու անշահախնդիր մասնակցությունն ունեցան այս գործում: Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը  նույն նվիրումով ու սիրով կշարունակի խնամել տնկված ծառերը, նաեւ կհետեւի, որ Երեւանը նույնքան մաքուր լինի ամեն օր»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել  քաղաքապետարանի եւ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով շարունակել մայրաքաղաքում ամենօրյա շաբաթօրյակները եւ ծառերի տնկումը:

Անդրադառնալով աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ երեւույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 68 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակաբար հանրությանը ներկայացնել այս ուղղությամբ իրականացվող քայլերն ու իրազեկել չսահմանված վայրերում աղբը թափելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են գետերի հուների մաքրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Շենգավիթ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների հեղեղատար համակարգերում առաջացած ջրակուտակումների պատճառները, որից հետո ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Մասնավորապես «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող ջրահեռացման համակարգում ապօրինի կառուցված պատի ապամոնտաժումից հետո այն ամբողջությամբ մաքրվել է՝ ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: Համակարգի մաքրման աշխատանքներ են կազմակերպվել նաեւ Նուբարաշենի խճուղու հարակից տարածքում, իսկ տարածքների սեփականատերերն էլ խստորեն զգուշացվել են:

Տպել
Ամենաշատ