News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդուն՝ Կարեն Խաչատրյանին:

Հանրապետության Նախագահը կարեւորել է, որ համաշխարհային ճանաչում եւ հռչակ ունեցող մեծ արվեստագետի հարազատները ոչ միայն չեն կորցնում կապը պատմական հայրենիքի հետ, այլեւ փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել պետության կողմից Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու եւ նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու, ապագա սերունդներին փոխանցելու գործում ներդրվող ջանքերին:

Կարեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին, մշակույթի նախարարությանը եւ բոլոր այն շահագրգիռ անձանց, ովքեր մշտապես ուշադրության կենտրոնում են պահում մաեստրոյի կյանքն ու գործունեությունը, հանդես գալիս նրա ժառանգության պահպանմանն ու ներկայացմանն ուղղված նոր ծրագրերով, նպաստում դասական երաժշտության, մասնավորապես, Արամ Խաչատրյանի երաժշտության հանրահռչակմանն ու երիտասարդների շրջանում հետաքրքրության բարձրացմանը: Այս համատեքստում նա հատկապես գոհունակությամբ է խոսել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին: Կարեւորվել են նաեւ մեծ կոմպոզիտորի ժառանգության թվայնացման, տուն-թանգարանի վերանորոգման, պահպանման եւ այնտեղ գտնվող արժեքավոր նմուշները ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեեստրում ընդգրկելու ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքները:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ պետությունը շարունակելու է նույնպիսի հոգատարությամբ այսուհետ եւս պահպանել հայ ժողովրդի տաղանդավոր զավակի՝ Արամ Խաչատրյանի մեծ ժառանգությունը եւ նոր նախաձեռնություններով մեծարել անվանի կոմպոզիտորին: Այդ նախաձեռնությունների շարքում Կարեն Խաչատրյանի հետ քննարկվել է նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուի հրատարակման հարցը, որի իրագործմանը Նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ