«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, հացադուլ հայտարարած Գեւորգ Սաֆարյանի առողջական վիճակը նորմալ է: ՔԿՀ Հանրային կապերի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նա գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ հացադուլ հայտարարած Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է այն:
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբան Գեւորգ Դավթյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն դիմել են Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, այժմ սպասում են, թե երբ կնշանակվի նիստի օրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։ Արամ Հակոբյանին ազատել են 500 հազար դրամ գրավի դիմաց, մնացածներին կալանավորել:
Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: