Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է թերթերի խմբագրական խորհուրդների` Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչը:
«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ամբողջ աշխարհի խոշոր թերթերի խմբագրականները, որոնք ճշմարտացիորեն խոսում են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Բարի կամքի բոլոր մարդիկ, այդ թվում` Բարաք Օբաման, պետք է ընդունեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կոչը եւ այս ապրիլի 24-ին ճանաչեն Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը»,- հայտնեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ճանաչեց 1915թ.-ի Օսմանյան կայսրության կողմից իրականացրած 1.5 մլն հայերի սպանությունները որպես ցեղասպանություն`մեջբերելով Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդին: Նա ասաց. «Նախորդ դարում մեր մարդկային ընտանիքը անցել է երեք զանգվածային եւ աննախադեպ ողբերգությունների միջով: Առաջինը, որը լայնորեն համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», հարվածել է քո սեփական հայ ժողովրդին»: Հռոմի պապի հայտարարությունը համընկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ընդառաջ եւ խմբագրական խորհրդի աջակցության ալիք առաջացրեց, որով կոչ արվեց Միացյալ Նահանգներին եւ մյուս ազդեցիկ դաշնակիցներին պաշտոնապես ճանաչել այդ սպանությունները որպես ցեղասպանություն:
Աջակցության խիստ հայտարարությունների օրինակները ամբողջ երկրում`
Los Angeles Times. Խմբագրական խորհուրդ. Միացյալ Նահանգները պետք է Հայոց Ցեղասպանությունը ճիշտ անունով կոչի
«Նախագահը պետք է օրինակ վերցնի Ֆրանցիսկոս պապից եւ իր ամենամյա ուղերձում ներառի ցեղասպանություն եզրը` հիշատակելով մեկ դար առաջ տեղի ունեցած կոտորածը: Հարատեւ բարեկամությունը պահանջում է նման անկեղծություն» [13/04/15]
Denver Post. Խմբագրական խորհուրդ. Խոսելով ճշմարտությունը Ցեղասպանության վերաբերյալ
«Օսմանյան թուրքերը իրականացրել են հայ բնակչության ցեղասպանություն 1915 եւ 1923թթ.` կոտորելով 1.5 մլն-ին, եւ Ֆրանցիսկոս պապը դժվար թե առաջինն է, ով ասում է դրա մասին: Սակայն կիրակնօրյա նրա հայտարարության համարձակությունը, այնուամնեայնիվ, թարմություն բերեց, նույնիսկ եթե դրանով զայրացրեց Թուրքիային »: [13/04/15]
«Եվ եթե Պապը որակավորված չէ խոսելու տանջահար քրիստոնյաների անունից կամ ի հիշատակ նրանց, ապա էլ ո՞վ»: [13/04/15]
New York Daily News. Խմբագրական խորհուրդ. Չարիքի իրական անունը. Պապը հայերի սպանությունները ճիշտ կերպով անվանում է ցեղասպանություն
«2001թ.-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը օգտագործեց ցեղասպանություն բառը` նկարագրելու հայոց ջարդը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ: Այժմ, ինչպես նա նկարագրում է քրիստոնյաների այսօրվա կոտորածները, Ֆրանցիսկոս պապը օգտագործեց իր անհատապես բարոյական ձայնը` չվախենալով պատմել, թե ինչ է տեղի ունեցել: Եվ շնորհակալություն նրան դրա համար» [13/04/15]
Jerusalem Post. Խմբագրական խորհուրդ. Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
«Իրեն բնորոշ բարոյական մաքրությամբ եւ զգայականությամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի կողմից իրականացրած 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների դաժան կոտորածը որակեց որպես ցեղասպանություն»: [13/04/15]
«Հոլոքոստի ստվերում կառուցված Իսրայել պետությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում միջազգային ընկերությունների տապալման վկայությունն է։ Մեծ մասամբ հենց այդ տապալման միջազգային ճանաչման շնորհիվ առաջացավ հրեական պետության, նրա զինված ուժերի եւ ինքնիշխանության լեգիտիմությունը։ Իսրայելը պարտավոր է գործել համաձայն այդ ժառանգության՝ օգտագործելով իր քաղաքական ինքնիշխանությունը ոչ միայն հրեաների, այլ ցանկացած խմբի դեմ ցեղասպանությունները կանխելու համար… Ֆրանցիսկոս Պապը հրապարակավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հիմա Իսրայելի հերթն է»: [13/04/15]