News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նույնիսկ եթե համաներում լինի, դեռեւս չի կարելի վստահաբար ասել, որ այն կազդի դերասան Վարդան Պետրոսյանի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ  Ռուբեն Բալոյանը:

«Նախ դեռ չենք կարող ասել, թե համաներումը ինչ մասով կտարածվի Վարդան Պետրոսյանի վրա՝ ամբողջությամբ, թե մասնակի, կամ, ասենք, համաներման ակտի մեջ կլինի՞ կետ, որով համաներումը կտարածվի այն դեպքերի վրա, որտեղ վեճ կա տուժող կողմի եւ մեղադրյալի միջեւ»,-ասաց նա:

Նշենք, որ 5 տարվա ազատազրկված Վարդան Պետրոսյանը տուժող կողմը ներկայացրել է հասցված վնասի փոխհատուցման մասին քաղհայց, որն այժմ վիճարկվում է դատարանում։

Փաստաբանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանը դեռ մեկ տարի առաջ կարող էր լինել ազատության մեջ, եթե տուժող կողմի հետ բոլոր խնդիրները հարթվեին,  բացի այդ ավտովթարների գործերով բոլոր վարորդները, որպես կանոն, 4-5 ամսից ազատության մեջ են, այսինքն՝ պատիժը կրում են բաց ռեժիմով:

Ռուբեն Բալոյանը նշեց, որ եթե  պաշտպանական կողմը դատարանում չի վիճարկում Վարդան Պետրոսյանի մեղավորությունը, ապա փաստացի Վարդան Պետրոսյանն իրեն վթարի մեջ մեղավոր է ճանաչում:

«Այստեղ մնում է նյութական վնասի հատուցման խնդիրը, եթե նյութական վնասն էլ փոխհատուցվի, պատիժն էլ մնա նույնը, եւ համաներումն էլ լինի, ինչպես 2013թ. էր, ապա Վարդան Պետրոսյանի վրա ամբողջությամբ կտարածվի համաներումը եւ նա պատժից ընդհանրապես կազատվի»,-ասաց նա:

Տուժող կողմի՝ Հակոբյանների փաստաբանը նշեց, որ ինքը բազմաթիվ փորձեր է արել, որ կողերը հաշտվեն, սակայն իր փորձերն ապարդյուն են անցել:

«Սակայն ցանկացած պահի էլ հնարավոր է, որ հաշտեցում լինի, եւ ես խոստացել եմ, որ այլեւս չեմ խառնվի»,-ասաց Ռուբեն Բալոյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը:

Տպել
Ամենաշատ