News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարյուր տարի անց Թուրքիան շարունակում է հերքել անհերքելին եւ Սիրիայի իր բազում դաշնակիցների` ամենատարբեր ապստամբների եւ իհարկե` «Իսլամական պետության» հետ միասին, այս անգամ անուղղակիորեն  մեկ այլ ցեղասպանություն է իրականացնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Ստորեւ ներկայացնում են նրա ելույթը.

«Հարգելի գործընկերներ, Այսօր մեր գործընկեր Սամադ Սեիդովը Բյուրոյի զեկույցի քննարկման ընթացքում ցույց տվեց հայ զինվորի նկար՝ սպիտակ դրոշը ձեռքին: Սա ադրբեջանական պրոպագանդայի կողմից լավ բեմադրված ներկայացում էր: Իրողությունն այն է, որ կոնֆլիկտի ընթացքում ունեցել ենք ադրբեջանական զինվորների հետ կապված իրական բազմաթիվ դեպքեր, սակայն երբեք վեհաժողովը կրկեսի չենք վերածել: Մեկ այլ գործընկեր Ռզայեվը րոպեներ առաջ փաստերի հերթական խեղաթյուրման վառ օրինակ ցույց տվեց այս անգամ իբր մեր կողմից փակ արխիվերի հետ կապված, ինչը իհարկե չի համապատասխանում իրականությանը: Իսկ հիմա թույլ տվեք անցնել իմ ելույթին: Ուղիղ հարյուր տարի առաջ` 1915թ. ապրիլի 24-ին, Կոստանդնուպոլսի հայկական հսկա համայնքի սերուցքը ձերբակալվեց եւ ոչնչացվեց: Դա քսաներորդ դարի առաջին` Հայոց Ցեղասպանության սկիզբն էր: Թվում է` հարյուր տարի անց ոչինչ էլ չի փոխվել: Մենք չմիջամտեցինք նացիստական Գերմանիայում կատարվողին` մինչ պատերազմն ինքը չթակեց մեր դուռը: Ռուանդայում մենք դավաճանեցինք մի ամբողջ ժողովրդի` մինչ դիվանագիտական եզրույթներով խուսափում էինք կոտորածն իր անվամբ կոչելուց: Կամբոջիայի ցեղասպանությունը մենք անգամ չնկատեցինք: Սուդանի պարագայում օգտագործում ենք բառը, որովհետեւ ոճրագործն Արեւմուտքում բարեկամներ չունի: Սիրիայում եւ Իրաքում մենք հետեւում ենք բոլոր ոչ-սուննի փոքրամասնությունների ընթացող ցեղասպանության նորություններին եւ շարունակում ենք դատարկ ու սին հայտարարություններ եւ դատապարտումներ հրապարակել, որոնք որեւէ կերպ չեն կարող կասեցնել նույն այդ փոքրամասնությունների բնաջնջմանն ուղղված մոլի արշավը: Եվ դարձյալ մենք աճպարարում ենք սարսափազդու «Ց»-ով սկսվող բառին հարող այլ բառերի հետ, որովհետեւ եթե հանկարծ համարձակվենք արտաբերել այդ բառը, կզայրացնենք մի կարեւոր դաշնակցի` արյունարբու մի դաշնակցի: Բացի այդ` բառն արտասանելու պատճառով պարտավոր կլինենք միջամտել, իսկ միջամտել մենք չենք ուզում եւ չենք միջամտելու: Եվ քանի որ ոչնչացող փոքրամասնություններին փրկելու հարցում նավթային շահեր մենք չունենք` ցեղասպանությունը շարունակվում է: Հարյուր տարի անց` մենք Եվրոպայում կարծում ենք, որ ավելի լավն ենք, ավելի քաղաքակրթված եւ մեծապես հղկված եւ կարծում ենք թե Երրորդ Ռեյխի օրերն այնքան հեռվում են մնացել … Եվ իհարկե, մենք անչափ սխալ ենք, անչափ մոլորված եւ անչափ կեղծավոր: Հարյուր տարի անց Թուրքիան շարունակում է հերքել անհերքելին եւ Սիրիայի իր բազում դաշնակիցների` ամենատարբեր ապստամբների եւ իհարկե` Իսլամական Պետության հետ միասին, այս անգամ անուղղակիորեն դարձյալ եւ մեկ այլ ցեղասպանություն է իրականացնում: Եվ անում է դա նույն վճռականությամբ, եւ նույն ֆանատիզմով: Մենք հրաշալի գիտենք թե ինչ է եղել այն ժամանակ եւ հրաշալի գիտենք թե ինչ է տեղի ունենում այսօր: Եվ դարձյալ նախընտրում ենք լռությունը` խղճի խոսքից: Մենք նույնն ենք մնացել եւ դրա արդյունքում առավել բարբարոս մի Չորրորդ Ռեյխ է հառնում այսօր քաղաքակրթության բնօրրանում … Հարյուր տարի անց` պարզվում է, որ «Ց»-ով սկսվող բառն ամբողջությամբ արտասանելու համար պետք է կենդանի սուրբ լինել` Հռոմի Պապ, Ֆրանցիսկոս: Բառ, որ բազում եվրոպական պետություններ դեռեւս զգուշանում են արտաբերել: Եվրոպական այն տասնչորս երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են փաստը եւ արտասանել բառը եւ դրանով հավատարիմ մնացել մարդկային արժեքներին` մենք մեր դրվատանքի խոսքն ենք ուղղում:

«Ցեղասպանությունն» այն բառն է, որ պետք է օգտագործել: Արտաբերելուց սարսափելու փոխարեն մենք պետք է զարհուրենք նրանից` որ հետեւում է այդ լռությանը: Որքան ավելի ենք մենք անտեսում մի ցեղասպանությունը, այնքան ավելի սարսափելի է դառնում հաջորդը: Այո` Հայոց Եղեռնը ցեղասպանություն էր եւ այո’ մենք ապրում ենք նոր ցեղասպանությունների դարաշրջանում: Եվ այո` մենք կրում ենք պատասխանատվություն մեր լռելյայն դիտարկման համար, որ մասնակցության է հավասար, որն էլ իր հերթին` մեկ այլ հանցանք է ինքնին:

Հարյուր տարի անց ճիշտ ժամանակն է` թեեւ ուշացած, վերջ դնելու ամոթալի լռությանը: Եվ այո` հանցավոր անտարբերությանը նույնպես»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ