News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ դեսպան Ուռիոլաբեիտիան Հայաստան է ժամանել մեր ժողովրդի համար շատ կարեւոր մի պահի, երբ ողջ հայ ժողովուրդը պատրաստվում է միջազգային հանրության հետ միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ոճրագործության միջազգային ճանաչման գործում անուրանալի է Արգենտինայի ավանդը: Սերժ Սարգսյանը նաեւ երախտագիտություն է հայտնել Արգենտինայի ժողովրդին եւ իշխանություններին՝ անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին ապաստան տալու, այնուհետ նաեւ հիասքանչ Արգենտինայում ապրելու, արարելու, ազգային ինքնությունը պահպանելու եւ երկրի զարգացման գործին իրենց մասնակցությունն ունենալու հնարավորություն ընձեռելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների շարունակական զարգացման եւ փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան իր համար մեծ պատիվ է համարել հարուստ մշակութային ժառանգություն եւ հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանում ներկայացնել Արգենտինան եւ վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկկողմ քաղաքական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, նպաստելու տարբեր ոլորտներում հայ-արգենտինյան փոխգործակցության խորացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ