Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությունում, ով ապրիլի 20-ին իր «ցավակցություն է հայտնել զոհերի սերունդներին», եւ ասել, որ «կիսում է նրանց ցավը», բայց չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ոչ մի առաջընթաց չկար համեմատած նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարության հետ, ով մայդ օրից ի վեր բազմապատկել է սադրանքները՝ նպատակ ունենալով ժխտել ցեղասպանությունն ու սպառնալ հայերին: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
«Nouvelles d'Arménie»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարությունում նշվում է. «Դավութօղլուի խոսքում ոչ մի բան չի վկայում Ցեղասպանության ժխտման պետական քաղաքականությունից հրաժարվելու կամ ճշմարտության, արդարության ու վնասի փոխհատուցման տրամաբանությամբ գործելու ցանկության մասին: Բախվելով միջազգային ճնշմանը, Անկարան փորձում է պահպանել դեմքը եւ թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը: Թուրքական պետությունը շարունակում է խուսափել հայերի կոտորածների, նրանց ունեցվածքը հափշտակելու եւ յուրացնելու, նրանց քաղաքակրթությունը ոչնչացնելու, արդարադատության 100-ամյա ժխտման համար իր պատասխանատվությունից, ինչը միայն աղ է լցնում զոհերի վերքի վրա, աջակցում Թուրքիայում ազգայնականությանն ու հակահայկական ռասիզմին: Բավական է»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 20-ին հանդես է եկել հայերին ուղղված ուղերձով՝ կապված 1915 թվականի իրադարձությունների հետ: