News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Շառլ Ազնավուրի՝ ֆրանսիական «Le Monde» պարբերականում հրապարակված հոդվածը:

Այո՛, ես այն ժողովրդից եմ, որը մահացել է՝ առանց թաղվելու: Հայրս ու մայրս, որոնք կարողացան խուսափել փոթորկից, հնարավորություն ունեցան ապաստան գտնել Ֆրանսիայում: Դա տեղի չունեցավ այն 1.5 մլն հայերի հետ, որոնք սպանվեցին, մորթվեցին եւ տանջանքների ենթարկվեցին այն իրադարձությունների ժամանակ, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:

Մոռացությունը քողարկեց այդ զանգվածային սպանությունները: Թուրքական իշխանությունները, որոնք փոխարինեցին 1915 թվականի դահիճներին, տասնամյակների ընթացքում իրականացրեցին պետական ժխտողականությունը: Նրանց հույսը հիշողության կորստի ու միջազգային վախկոտության վրա էր: Եվ քիչ էր մնում՝ նրանք ճիշտ լինեին:

Բազմաթիվ տարիներ այդ հանցագործությունը կարող էր շահեկան համարվել: Հարկ էր սպասել 1980-ական թվականներին, որպեսզի երկրները սկսեն ճանաչել այն: Մատների ծայրերի վրա, կիսաձայն: Նախ՝ Եվրախորհրդարանը, 1987 թվականին: Ֆրանսիան այն ընդունեց 2001 թվականի հունվարի 29-ի օրենքով: Շուրջ երկու տասնյակ այլ պետություններ նույնպես այդ արեցին: Իսկ Վատիկանը՝ մի քանի օր առաջ:

Բախվելով այդ իրավիճակին՝ յուրաքանչյուր մարդկային էակ, որը որոշակի առողջ դատողություն եւ բարեխղճություն ունի, կարող է շփոթվել: Ես այդ կանոնից բացառություն չեմ: Ինձ ատելության մթնոլորտում չեն մեծացրել: Ես չեմ նեղանում թուրք ժողովրդից, որը դաստիարակվել է ժխտողականության մթնոլորտում: Ես ցանկանում եմ վստահել այդ երկրի երիտասարդությանն ու ժողովրդին, որոնց սիրում եմ:

Գիտեմ, որ մի գեղեցիկ օր այդ երիտասարդությունը կբացի աչքերը եւ հաշիվ կպահանջի իր առաջնորդներից՝ բազմամյա ստի եւ անպատվության համար: Վստահ եմ, որ մի գեղեցիկ օր՝ ոչ շատ հեռավոր, այն կջնջի իր «ճակատից այդ բիծը», ինչպես ասում էր թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթը, գլուխը չթաքցնելով ավազի մեջ, այլ սեփական պատմությանը տիրանալու ճանապարհով, որն ազատագրում է:

Այդ նույն օրը, անկասկած, բոլոր պայմանները կլինեն հայ-թուրքական անկեղծ եւ բարյացկամ երկխոսության համար: Ես չեմ ցանկանում հանդես գալ այն մարդու դերում, ով դասեր է տալիս այդ ժողովրդին, այդ երիտասարդությանը: Ո՞վ եմ ես՝ դա անելու համար: Բայց քանի որ ես զոհերի ժառանգ եմ եւ, բացի այդ, հասարակական գործիչ, հատուկ պատասխանատվություն ունեմ իմ ուսերին:

Այն ամենը, ինչ ցանկանում էին ոչնչացնել 1915 թվականին, հայերն էին: Դա ես եմ, բայց եւ դուք: Քանի որ, ինչպես Օսվենցիմում, նրանք նաեւ սպանեցին մարդկայնությունը: Ինչո՞ւ երիտթուրքերի կառավարությունն իրականացրեց այդ սարսափելի հանցագործությունը: Ինչո՞ւ սպանեց այդ մարդկանց:

Ես մտածում եմ Թուրքիայի կողմից փոքրիկ Հայաստանի շրջափակման մասին, Հայաստանի, որը ինչ-որ հրաշքով վերապրեց Ցեղասպանությունը: Ես մտածում եմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից թուրքերի հրաժարվելու մասին: 2009 թվականին ստորագրված այդ արձանագրությունների նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն էր, որն Անկարան պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, իհարկե՝ Ադրբեջանի պահանջներին համապատասխան:

Այսօր Մերձավոր Արեւելքում շարունակվող վայրագությունների արմատները թաքնված են 1915 թվականի իրադարձություններում. տարածաշրջանն իր վրա է կրում ոչ միայն դրանց կնիքը, այլեւ հիշողությունը: 100 տարի անց «դեռեւս պտղաբեր է այն արգանդը, որտեղից հայտնվել է զզվելի գազանը»: Մենք դա տեսնում ենք Մերձավոր Արեւելքի փոքրամասնությունների ծանր իրադրության օրինակով, մենք այն տեսնում ենք ավելի պակաս չափով, երբ հարցը հասնում է Հայաստանի եւ Արցախի հասցեին սպառնալիքներին: Սակայն այս տարեսկզբից մեկ օր չի անցել՝ առանց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում 20-ամյա երիտասարդի զոհվելու: Դա կտոր-կտոր է անում սիրտս:

Այսպիսով, մահը շարունակում է թափառել հայ ժողովրդի շուրջ: Մինչեւ ե՞րբ: Ամեն դեպքում, կցանկանայի այս հոդվածն ավարտել դրական նոտայով: «Հոլոքոստի հիշատակ» կազմակերպության խնդրանքով անցկացված միջազգային հարցումները ցույց են տվել, որ 18-26 տարեկան թուրքերի շուրջ 33%-ը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եթե հաշվի առնենք այդ երկրում գոյություն ունեցող տաբուն, այս թիվը վստահություն է ներշնչում:

Թող որ այս ողբերգական տարելիցը նպաստի խղճի արթնացմանը: Կարծես հենց դրան են ծառայում հիշատակի միջոցառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ