Քիչ առաջ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ֆրանսահայ երգչին դիմավորեցին ծաղիկներով եւ անմոռուկ նվիրեցին։
Ազնավուրը նշեց, որ իրեն լավ է զգում, սակայն մի փոքր հոգնած է։
Լրագրողների հետ զրույցում Ազնավուրը կարծիք հայտնեց, որ Ցեղասպանությունից 100 տարի անց շատ բան չի փոխվել, չնայած պետք է փոխվեր։ Դիտարկմանը, թե նա կրկին Հայաստանում է հայերի համար այս շատ կարեւոր օրերին, Ազնավուրն արձագանքեց. «Ես միայն այսօր չեմ գալիս Հայաստան։ Միշտ էլ գալիս եմ։ Մյուս երկրների նախագահներն են գալու, դա կարեւոր է»,- ասաց նա։
Նշենք, որ Ազնավուրը Հայաստան է եկել՝ Ցեղասպանության 100-րդ տարվա միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ Ազնավուրը Հայաստան է ժամանել Մոսկվայից, որտեղ 91-ամյա շանսոնիեն նախօրեին համերգ էր տվել։