News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության դառն հիշողությունները 100 տարիների ընթացքին չարությամբ ու ոխակալությամբ չեն մթագնել մեր ժողովրդի հոգին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,

Բարեկամ պետությունների պատվարժան նախագահներ եւ պետական այրեր,

Քույր Եկեղեցիների հոգեւոր Պետեր եւ բարեջան եկեղեցականներ,

Միջազգային եւ միջեկեղեցական կազմակերպությունների մեծարգո ներկայացուցիչներ,

Մեծապատիվ հյուրեր եւ սիրելի բարեպաշտ ժողովուրդ.

Նվիրական եւ պատմական օր է այսօր: 100-րդ տարելիցն է Հայոց Ցեղասպանության: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերստին համախմբվել ենք ոգեկոչելու մեր սուրբ նահատակների հիշատակը:

Հոգեւոր մխիթարություն է հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի եւ Մեզ համար, որ բյուրավոր մեր նահատակների հիշատակի արարողությանը Ձեր ազնիվ մասնակցությունն եք բերում պատվարժան Նախագահներ բարեկամ պետությունների, սիրեցյալ հոգեւոր Պետեր եւ սպասավորներ քույր Եկեղեցիների, պետական, հասարակական եւ միջեկեղեցական կառույցների բարձրապատիվ ներկայացուցիչներ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ եւ Ձեր երկրների ժողովուրդներին ու իշխանություններին` մեր ժողովրդի հանդեպ դրսեւորած հարգանքի համար:

Օսմանյան Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին իրագործված Հայոց Ցեղասպանությունը մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգությունն է, որը համարժեք գնահատական եւ դատապարտություն չստանալով` նախադեպ դարձավ նոր ոճրագործությունների: Գոհություն Աստծո, ներկայիս Հայոց Ցեղասպանությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. գտնում է ճանաչում եւ դատապարտություն: Մեր ներկայությունն այստեղ ընդգծում է մեր պատասխանատվությունը սերունդներին ավանդելու բռնություններից ու եղեռնագործություններից զերծ խաղաղ ու ապահով աշխարհ:

Աստծո օրհնությամբ երեկ կատարեցինք սրբադասումը Ցեղասպանության տարիներին վասն հավատո եւ վասն հայրենյաց իրենց կյանքը զոհաբերած զավակների մեր Սուրբ Եկեղեցու: Այսօր Արարատահայաց այս բարձունքից, ուր լուսազգեստ հոգիներն են մեր նահատակների, եւ սրբությունն է մեզ վրա հովանի, բարեխոսական աղոթք ենք վերառաքում երկինք` աղերսով աշխարհին խաղաղություն, մարդկանց մեջ` սեր եւ համերաշխություն: Մեր սուրբ նահատակները այսօր պատգամ են բերում մեզ եւ կոչում լինելու առաքյալներ, առաքյալներ` արդարության, դատապարտելու եղեռնագործությունները մարդկության դեմ` ցեղասպանությունները, ահաբեկչությունները, մարդու եւ ազգերի իրավունքների ոտնահարումները: Մարդասիրության, արդարության ու խաղաղության հովանավոր մեր սուրբ նահատակները կոչում են մեզ լինելու առաքյալներ ճշմարտության` ընդդեմ կեղծիքի քարոզչության ու տարածման, մերժելու ժխտողականությունը, հաղթահարելու անհանդուրժողականությունն ու անտարբերությունը:

Ցեղասպանության դառն հիշողությունները 100 տարիների ընթացքին չարությամբ ու ոխակալությամբ չեն մթագնել մեր ժողովրդի հոգին: Մեր վշտին ատելություն չի խառնվել, սակայն եղել ենք անհաշտ խարդավանքների, մեր պատմության խեղաթյուրման հանդեպ, եղել ենք աննահանջ` ճշմարտության պայքարի մեր ճանապարհին: Մեր ժողովուրդն այսօր շարունակում է ապրել շրջափակման եւ պատերազմի վտանգի պայմաններում, դիմակայում դժվարությունների եւ իր իրավունքները պաշտպանում մարդու եւ ազգերի իրավունքների գերակայության հավատով:

Մեր սուրբ նահատակների հիշատակի առջեւ վերստին երախտագիտություն ենք հայտնում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին, պետական, կրոնական ու հասարակական կառույցներին ու կազմակերպություններին, նաեւ` բոլոր պետություններին, ժողովուրդներին ու անհատներին, ովքեր Ցեղասպանության դժնդակ տարիներին օգնության ձեռք մեկնեցին եւ ապաստան տվեցին մեր ժողովրդի զավակներին:

Հայրապետիս աղոթքն է, որ մեր ժողովուրդը զորավոր պահի հավատքն ու հայրենյաց սերը, անկասելի` իր իրավունքները վերականգնելու կամքը: Հայցում ենք, որ մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ խաղաղությունը, արդարությունը, սերն ու ողորմությունը հավերժ թագավորեն երկրի վրա` հանուն մարդկության շեն, ապահով ու բարօր կյանքի»,- իր խոսքում նշել է կաթողիկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ