News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մեր այսօրվա գիտակցության եւ  անցյալ դարի քաղաքական եւ հումանիտար ողբերգությունների ֆոնին այսօր ավելի քան պարզ է, որ հայերի ճակատագիրը զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ այո, ցեղասպանությունների օրինակ է, որոնցով այդպես սարսափելի կերպով նշանավորվեց 20-րդ դարը: Այս մասին ապրիլի 23-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի մայր տաճարում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ աղոթքից հետո իր ելույթում հայտարարել է  Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:

Ներկայացնում ենք ելույթի տեքստն ամբողջությամբ։

Հայոց, արամեացիների եւ Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակման առիթով Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու, Կաթոլիկ Եկեղեցու Գերմանիայի եպիսկոպոսաց ժողովի եւ Հայ Առաքելական Եկեղեցու գերմանահայոց թեմի կողմից Բեռլինի Տաճարում մատուցված էկումենիկ պատարագ։

23-ը ապրիլի, Բեռլինի Տաճար

Դիմում ներկաներին

Այս ժամին մենք ոգեկոչում ենք հայ ժողովրդի հարյուրհազարավոր այն զավակներին, ովքեր մեկ դար առաջ ծրագրված եւ կանոնավոր սպանությունների զոհ դարձան: Կին թե տղամարդ, երեխա թե ծեր՝ անխտիր տեղահանվեցին, բռնեցին աքսորի ճամփան, առանց որեւէ պաշտպանության ու առանց սննդի քշվեցին տափաստաններ ու անապատներ, ողջ-ողջ այրվեցին, տանջամահ եղան, դաժանաբար ծեծվեցին ու սպանվեցին:

Այս ծրագրված եւ հաշվարկված հանցագործությունը հայերին պատուհասեց մեն միակ պատճառով՝ նրանք հայ էին: Նմանապես այն պատուհասեց իրենց բախտակիցներին՝ Պոնտոսի հույներին, ասորիներին կամ արամեացիներին:Մեր նորօրյա գիտակցությամբ եւ անցած տասնամյակների քաղաքական ու հումանիտար սարսափների հեռապատկերին մեզ համար այսօր ակնհայտ է՝ հայերի ճակատագիրը քսաներորդ դարն այնքան սարսափելի կերպով բնորոշող զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների, եւ անգամ ցեղասպանությունների պատմության օրինակ է:

Այս հանցագործությունները կատարվեցին պատերազմների ստվերում.

պատերազմը նաեւ օրինականություն ապահովեց այս հանցանքների համար: Այսպես պատահեց հայերի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ այսպես պատահեց այլ վայրերում հետագա հարյուր տարիներին եւ ցայսօր ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում շատ այլ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հետ: Նրանց լրտեսներ էին անվանում, օտար իշխանությունների գործակալներ, ազգային միաբանությանը սպառնացող խառնակիչներ, դասակարգային կամ ռասսայական թշնամիներ, հիվանդության օջախ՝ ազգի մարմնում: Մենք ոգեկոչում ենք զոհերին, որպեսզի նրանք եւ նրանց ճակատագիրը չմոռացվեն:  Մենք հիշեցնում ենք նրանց մասին՝ ի սեր իսկ նրանց:  Սա ամենից առաջ հիշեցում է յուրաքանչյուր մարդու անօտարելի արժանապատվության մասին: Այս արժանապատվությունը չի կարող ոչնչացվել, բայց նրա դեմ անվերջ կարելի է մեղանչել՝ արհամարհելով ու տրորելով այն:

Մենք հիշեցնում ենք զոհերի մասին, որպեսզի նրանք ոգեկոչման մեջ վերստին ձայն ստանան, որ պատմվի նրանց պատմությունը, այն պատմությունը, որն ամեն կերպ պետք է մոռացվեր: Այո', մենք հիշատակում ենք զոհերին նաեւ ի սեր մեզ: Մեր սեփական մարդկայնությունը մենք կարող ենք պահպանել միայն այն դեպքում, եթե ոչ միայն հաղթողներն ուղղորդեն պատմությունն ու մեր՝ ապրողներիս հիշողությունը, այլեւ կեղեքվածներն ու կորուսյալները, մատնվածներն ու ոչնչացվածները:

Զոհերի հիշատակումը, սակայն, լիարժեք չի լինի, եթե չխոսվի նաեւ ոճրագործների մասին: Առանց ոճրագործների զոհեր չեն լինում: Ոճրագործները՝ Օսմանյան կայսրության այն ժամանակվա ղեկավարները եւ նրանց գործակիցները, ինչպես առհասարակ լինում է ռասսիստական, էթնիկ կամ կրոնական շարժառիթներով զանգվածային սպանդի բոլոր կազմակերպիչների  դեպքում, մոլեռանդորեն համոզված էին իրենց գործողության ճշմարտության մեջ: Երիտթուրքական գաղափարախոսությունն էթնիկ առումով համասեռ, կրոնական առումով միասնական ազգային պետության մեջ էր փնտրում կործանվող Օսմանյան կայսրության մեջ կողք կողքի եւ իրար հետ ապրող տարբեր ազգերի ու կրոնների գոյակցության անհետացող ավանդույթի այլընտրանքը: Տարբերակումն ըստ ազգային խմբերի, էթնիկ զտումներն ու տեղահանությունները հաճախ էին խոսում քսաներորդ դարի սկզբին կազմավորվող ազգային պետությունների մութ կողմերի մասին: Բայց միատարրության ու մաքրապաշտության գաղափարախոսությունները ոչ հազվադեպ են հանգուցալուծվում մերժման ու տեղահանման եւ որպես վերջնահետեւանք՝ սպանության հանցանքի մեջ:

Օսմանյան կայսրությունում դրանից թափ առավ ցեղասպանական մի ընթացք, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը:

Մենք այժմ անհրաժեշտաբար քննարկում ենք, թե որ անվանումն առավել կպատշաճեր հարյուր տարի առաջ տեղի ունեցածին: Աչալուրջ ենք, սակայն, որ այս քննարկումը չսահմանափակվի մեկ եզրույթին վերաբերվող տարբերություններով: Ամենից առաջ կարեւոր է անգամ հարյուր տարիներ անց ճանաչել, ցավել եւ սգալ մի ժողովրդի հանդեպ ծրագրված բնաջնջումն իր ողջ սարսափելի իրականությամբ: Այլապես կկորցնենք մեր ուղենիշային կողմնացույցը եւ հարգանքը մեր իսկ նկատմամբ:

Եթե մենք պատմությունը գնահատելիս հասնենք փոխըմբռնման, եթե մենք բարձրաձայնենք անարդարությունը, անգամ եթե դա արել են մերոնք, եթե մենք հավասարապես հավաստենք, ինչու ոչ՝ մեր կյանքի օրինակով ապացուցենք, որ հարգում ենք արդարությունն ու մարդու իրավունքները, ապա կպահպանենք զոհերի արժանապատվությունը եւ միասնական մարդասիրական հիմք կստեղծենք ներքին եւ սահմանանց համակեցության համար:

Հիշելով՝ մենք ներկայում ապրողներից ոչ ոքի մեղադրյալի աթոռին չենք գամում:

Այն ժամանակվա ոճրագործներն այլեւս չեն ապրում, եւ նրանց զավակներին ու թոռներին չպետք է վերագրվի նրանց մեղքը: Այն ինչ, սակայն, իրավացիորեն կարող են ակնկալել զոհերի հետնորդները՝ պատմական իրողությունների ճանաչումն ու դրանով նաեւ պատմական մեղքի ճանաչումն է: Այսօրվա սերնդի պատասխանատվությունն է պարտավորված զգալ վարելու այնպիսի քաղաքականություն, որը հարգի եւ պաշտպանի յուրաքանչյուր անհատի, ինչպես նաեւ յուրաքանչյուր փոքրամասնության կյանքի իրավունքն ու մարդու իրավունքները:

Հայերի պարագայում, այսպիսով, մենք որեւէ այլ սկզբունքի չենք հետեւում, քան խոր մարդկային կենսափորձի սկզբունքն է. մենք չենք կարող ազատվել մեղքից, եթե ժխտենք այն, վանենք այն մեզնից կամ թերարժեւորենք այն: Մենք Գերմանիայում դժվարությամբ եւ մասամբ ամոթալի հապաղումով սովորեցինք հիշատակել նացիոնալսոցիալիզմի հանցանքները, հատկապես Եվրոպայի հրեաների դեմ հալածանքն ու նրանց բնաջնջումը: Սովորեցինք նաեւ տարբերակել ոճրագործների մեղքը, որն անվերապահորեն պետք է ճանաչվի, հետագա սերունդների՝ հանուն պատշաճ հիշատակման կրելիք պատասխանատվությունից:

Հայ ժողովրդի սպանության հիշատակումը նաեւ այստեղ մեզ մոտ՝ Գերմանիայում, իր խոր իմաստն ու հստակ արդարացումն ունի: Մեր կողքին ապրում են հայերի եւ թուրքերի սերունդներ՝ ամեն մեկն իր առանձին պատմությամբ: Խաղաղ գոյակցության համար, սակայն, կարեւոր է, որ ամենքը կողմնորոշվեն անցյալի վերաիմաստավորման միեւնույն լուսավորական սկզբունքներով: Այս պարագայում նաեւ մենք՝ գերմանացիներս, ընդհանուր առմամբ դեռ պետք է անդրադառնանք վերաիմաստավորման գործին, հատկապես՝ երբ խոսքը հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մեջ ունեցած մեր բաժին պատասխանատվությանը, որոշ հանգամանքներում անգամ մեղսակցությանն է վերաբերում: Այդ գերմանացի զինվորականներն էին, որ մասնակցում էին տեղահանությունների կազմակերպմանն ու որոշ դեպքերում նաեւ իրագործմանը։

ՀԱյերի իրականացվող գործողությունների մեջ վերջիններիս բնաջնջումը հստակորեն կանխազգացած գերմանացի դիտորդների եւ դիվանագետների զգուշացումները շրջանցվում ու անտեսվում էին: Քանզի Գերմանական կայսրությունը չէր ցանկանում վտանգել հարաբերություններն իր օսմանյան դաշնակցի հետ: Ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգը, ում հատուկ հանձնակատարն ամենայն մանրամասնությամբ տեղեկացրել էր հայերի դեմ հետապնդումների մասին, 1915թ. դեկտեմբերին կարճ ու հատու նշում է. «Մեր միակ նպատակը Թուրքիային մինչեւ պատերազմի ավարտը մեր կողքին պահելն է, կարեւոր չէ, թե այդ ընթացքում հայերը կկործանվեն, թե ոչ»:

Բայց հենց գերմանացիներն էին նաեւ, ամենից առաջ՝ մեծ նվիրյալ Յոհաննես Լեփսիուսը, ում հրապարակախոսական գործունեության շնորհիվ հայոց տառապանքը հայտնի դարձավ աշխարհին: Սանիտարական ծառայության սպա Արմին Թեոֆիլ Վեգներն էր, ով իր լուսանկարներով վավերացրեց եւ պատերազմի ավարտից հետո Գերմանիայում կազմակերպած իր դասախոսություն-ցուցադրություններով պատմեց հայոց ճակատագրի մասին: Ավստրիացի Ֆրանց Վերֆելը, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով գեղարվեստական հուշակոթող կանգնեցրեց այն դիմադրությանը, որ հայ ժողովուրդը ցույց տվեց իր հանդեպ ծրագրված բնաջնջմանը: Լույս տեսնելուց հետո գիրքը շատ արագորեն՝ 1933թ. արգելվեց. Բիալիստոկի եւ Վիլնիուսի հրեական գետտոներում, սակայն, այն կարդում էին որպես կանխանշան հրեաներին սպասվելիք դեպքերի: Երկու կողմն էլ՝ թե' Երրորդ Ռայխի գրաքննիչները, թե' հրեաներն, այսպիսով, ճշգրտորեն ընկալել էին գիրքն ու դրանում պատմվող պատմությունը:

Երբ Ադոլֆ Հիտլերն իր՝ 1939թ. օգոստոսի 22-ի մարտական հրամանում գերմանական ցամաքային զորախմբերի գլխավոր հրամանատարներին հրամայում է հարձակվել լեհերի վրա՝ բացատրելով իր պլանները՝ «առանց խղճալու մահվան գիրկն ուղարկել լեհական ծագմամբ եւ լեհախոս թե' տղամարդ, թե' կին, թե' երեխայի», հավաքական անտարբերության ակնկալիքով իր խոսքը եզրափակում է հռետորական այս հարցով. «Ո՞վ է այսօր դեռ խոսում հայերի բնաջնջումից»։

Մե'նք ենք խոսում այդ մասին: Այսօր էլ՝ հարյուր տարի անց, մենք հստակ գիտակցումով խոսում ենք այդ մասին. այդ մասին եւ մարդկության ու մարդկային արժանապատվության դեմ կատարված այլ հանցանքների մասին: Մենք դա անում ենք, որպեսզի Հիտլերն իրավացի դուրս չգա: Մենք անում ենք դա, որպեսզի ոչ մի բռնապետ, ոչ մի բռնակալ եւ ոչ ոք, ով օրինական է համարում էթնիկ զտումները, չկարողանա ակնկալել, որ իր գործողությունները կանտեսվեն ու կմոռացվեն:

Այո', մենք շարունակում ենք խոսել նաեւ տհաճ տեղյակության, պատասխանատվությունից խուսափելու եւ հին մեղքի մասին: Մենք դա չենք անում՝ կապվելու համար անցյալի ճնշող իրողություններին, այլ՝ որպեսզի արթուն լինենք եւ ժամանակին արձագանքենք, երբ բնաջնջումն ու ահաբեկչությունը

սպառնում են մարդկանց ու ժողովուրդներին:Լավ է, երբ մենք միասնաբար ենք հիշում՝ առանց դավանանքային ու կրոնական, լեզվական, էթնիկ ու պետական սահմաններով բաժանված լինելու: Այսօր մենք երախտապարտ ենք հիշատակման եւ հաշտեցման այն ազդակների համար, որոնք ստացվում  են ողջ աշխարհից: Հատկապես ուրախ եմ թուրքերի եւ հայերի միջեւ փոխըմբռնման եւ միմյանց ընդառաջ գալու յուրաքանչյուր քաջալերող դրսեւորման համար: Ոչ ոք չպետք է վախենա ճշմարտությունից: Միայն միասնաբար մենք կարող ենք հաղթահարել այն, ինչ տրոհել ու տրոհում է մեզ: Միայն միասնաբար մենք կարող ենք լավ ապագա ունենալ այս մեկ ու մեզ բոլորիս վստահված աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ