2008թ. նախագահի պաշտոնում առաջադրված Բարաք Օբաման, խոստացավ, որ ընտրվելու դեպքում Օսմանյան կասյրությունում հայերի հետ կատարվածը կճանաչի ցեղասպանություն: Ապրիլի 24-ին, աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն Բարաք Օբաման կրկին չարտասանեց այդ բառերը` Ցեղասպանությունն անվանելով «20-րդ դարի առաջին զանգվածային ջարդեր»:
«1915թ. սկսած` Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերը արտաքսվել, սպանվել եւ մահվան են դատապարտվել: Նրանց հնագույն հայրենիքի մշակույթն ու ժառանգությունը ոչնաչացվել են: Բռնության սարսափազդու գործողությունների արդյունքում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել»: Հապա ինչո՞ւ Օբաման կրկին խուսափեց «Ցեղասպանություն» եզրից: csmonitor.com-ից Լինդա Ֆելդմանի կարծիքով, ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան առանցքային դեր է խաղում` որպես ՆԱՏՕ-ում եւ Մերձավոր Արեւելքի հակամարտություններում ԱՄՆ-ի դաշնակից: Իսկ Հայաստանն ընդամենը 3 մլն բնակչությամբ երկիր է եւ աշխարհառազմավարական տեսակետից այդքան էլ հետաքրքրություն չի ներկայացնում:
Թուրքիան, որը պնդում է, որ 1.5 մլն հայերը ամենեւին ծրագրված կոտորածի արդյունքում չեն սպանվել, այլ պատերազմի ընթացքում, սպառնում է խզել դիվանագիտական հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, ովքեր այդ իրադարձությունները կանվանեն Ցեղասպանություն:
Օբաման իր ուղերձում կարծես թե փորձում էր ասել, որ տեղի ունեցածը համարում է ցեղասպանություն, սակայն այդ բառն այդպես էլ չարտասանեց: Օրինակ, ընդունված է համարել, որ Ցեղասպանության ժամանակ 1-1.5 մլն հայ է զոհվել, սակայն Օբաման իր խոսքում ավելի խոշոր թիվ է ընտրել: Նա նաեւ նշել է, որ ողջունում է «Ֆրանցիսկոս պապի, հայ եւ թուրք պատմաբանների եւ պատմության այս մութ էջը լուսավորել փորձող շատ-շատերի հայացքների արտահայտումները»:
Առնվազն 25 երկիր, այդ թվում` Գերմանիան, Ավստրիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915թ. սկսված հայերի զանգվածային կոտորածն անվանում են ցեղասպանություն: Այդ իրադարձություններին արձագանքել է նաեւ Հռոմի պապը:
Օբամայի ելույթը հիասթափեցրել է Ամերկայում բնակվող հայերին, նրանք հերթական անգամ չլսեցին ցանկալի արտահայտությունը.
«Մենք խորապես հիասթափված ենք, որ նախագահ Օբաման որոշել է խախտել իր խոստումը` չմիանալով համաշխարհային հանրությանը եւ գերադասելով չխոսել Հայոց ցեղասպանության մասին անգամ Ցեղասպանության 100-րդ տարելիցին», - գրում է ավելի քան 20 հայ-ամերիկյան խմբերի միավորող Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող Ամերիկայի կոմիտեն: