Ապրիլի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արգենտինայի արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարար Հեկտոր Տիմերմանին, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց իր արգենտինացի գործընկերոջը` Երեւանում տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումներին մասնակցության համար։
Նախարարները հանդիպման ընթացքում անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության շուրջ:
Երկուստեք ընդգծվեց ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորման կարեւորությունը: Այս առումով նախարար Նալբանդյանը կարեւորեց միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների կանխարգելման գործում, եւ շնորհակալություն հայտնեց Արգենտինային՝ մարտ ամսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւը համահեղինակելու համար։
Հանդիպումից հետո Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում Հայաստանի եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Հեկտոր Թիմերմանը եւ Արգենտինայի Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոն եղեւնի տնկեցին Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կարլոս Քիրշների հիշատակին՝ ի գնահատումն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ավանդի:
Ծառատունկից հետո նախարար Նալբանդյանը կարեւորեց Արգենտինայի կողմից դեռ 1994թ. Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, ընդգծեց հայ-արգենտինական հարաբերությունների բարձր մակարդակը՝ շեշտելով դրանց ամրապնդման գործում Արգենտինայի հայ համայնքի արժեքավոր դերակատարությունը: